Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկվա երկրաշարժից հետո ունեցել ենք 165 հետցնցում. «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ

Երեկվա երկրաշարժից հետո ունեցել ենք 165 հետցնցում. «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Հասարակություն
12:54, 14 февраль 2022
«Այս պահի դրությամբ ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը երեք մագնիտուդով է»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։ 

Նա նշեց, որ հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժերին։ 

Հիշեցնենք, որ երեկ, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան՝ Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Սոս Մարգարյանի խոսքով՝ այս երկրաշարժը համարվում է չափավոր ուժեղ, և շատ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները տևեն մի փոքր ավելի։

«Ջավախքի այդ ընդարձակման գոտուն բնորոշ է նման սեյսմիկությունը, և դա բնութագրվում է թույլ և հաճախ տեղի ունեցող երկրաշարժերով։ Այս գոտում ամենաուժեղ գործիքային հայտնի երկրաշարժը տեղի է ունեցել 1959 թվականին՝ 5,4 մագնիտուդով»,- ասաց Սոս Մարգարյանը։

Սոս Մարգարյանը նաև տեղեկացրեց, որ իրենց մասնագիտական խմբերը գտնվում են մարզերում, իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ, որն իրենց աշխատանքի մի մասն է, և որի նպատակն է երկրաշարժի հնարավոր ազդեցությունների ուսումնասիրությունը։