Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Խրամորթ գյուղում հանգիստ է, չնայած ադրբեջանցիների հորդորներին՝ ոչ մեկը չի լքել գյուղը․ Զորիկ Աբրահամյան

Արցախի Խրամորթ գյուղում հանգիստ է, չնայած ադրբեջանցիների հորդորներին՝ ոչ մեկը չի լքել գյուղը․ Զորիկ Աբրահամյան
Հասարակություն
12:29, 02 март 2022
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում հանգիստ է, ժողովուրդն իր գործին է, արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանի զինծառայողները չեն հորդորում բնակիչներին լքել գյուղը։ Civic.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթ բնակավայրի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանը։

Փետրվարի 24-ից 4 օր շարունակ Ադրբեջանի զինծառայողները բարձրախոսներով հորդորել են գյուղի բնակիչներին լքել տներն ու հեռանալ․ «Սա ադրբեջանական տարածք է, լքեցեք տարածքը, գյուղատնտեսական աշխատանքներ մի արեք, ինժեներական աշխատանքներ մի արեք, եթե ուզում եք ապրեք էս հողի վրա պետք է ենթարկվեք Ադրբեջանի օրենքներին։ Եթե ձեր երեխաների կյանքը թանկ է ձեզ համար՝ մենք պատասխան չենք տալու մեր արարքների համար»,-օրվա տարբեր ժամերին հայտարարել են Ադրբեջանի զինծառայողները։ 

«Այդ հարցով ռուս խաղաղապահներն ու մեր կառավարությունն են զբաղվում և մինչ այս պահը հանգիստ է։ Երբ արդեն երրորդ օրն էլ շարունակվեց ադրբեջանցիների՝ գյուղը լքելու հորդորները, ես դիմեցի կառավարություն, գլխավոր դատախազին՝ քննարկեցինք, կանչեցինք ռուս խաղաղապահներին»,- պատմեց Խրամորթ բնակավայրի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանը և հավելեց, որ չնայած Ադրբեջանի զինծառայողների հորդորներին՝ ժողովրդի մեջ ոչ մի խուճապ չի եղել, միայն երեխաներն էին վախեցել։

«Մենք ջրատարներ էինք անցկացնում Խրամորթ գյուղում, իրենք էլ մտածում էին թե «բլինդաժներ» ենք կառուցում՝ ինժեներական աշխատանքներ ենք անում ու ասում էին՝ դադարեցրեք»,- հավելեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ Խրամորթի սահմանին մոտ խաղողի այգիների ու Ադրբեջանի ԶՈւ դիրքերի միջև հեռավորությունն ընդամենը 100 մետր է, իսկ գյուղի տներից մինչև Ադրբեջանի ԶՈւ դիրքերը՝ 300 մետր։

Զորիկ Աբրահամյանի խոսքով՝ իրենք՝ գյուղի բնակչները չեն պատասխանել ադրբեջանցիների հորդորներին, բայց եթե շարունակեն գյուղը լքելու հորդորները՝ հայկական ազգագրական երգեր են միացնելու։ 

«Հիմա Խրամորթի սահմանին մոտ այգիներում տրակտորիստները ռիսկ չեն անում աշխատեն, որովհետև Ադրբեջանի զինծառայողները մի անգամ կրակել են տրակտորի վրա, բայց վարչական շրջանում աշխատում են՝ պատրաստվում են գարնանացանին»,-նշեց մեր զրուցակիցն ու շեշտեց, որ ոչ մեկը չի լքել գյուղը։

Խրամորթի դպրոցի տնօրեն Անուշ Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ թեպետ դպրոցում պարզ լսելի են եղել Ադրբեջանի զինծառայողների ձայները, այնուամենայնիվ բնականոն հունով շարունակվել են դասերը․ «Միայն հորդորների հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին, երկու ընտանիքներ իրենց երեխաներին չեն ուղարկել դպրոց։ Ամեն ընտանիքից երեքական երեխա չի ներկայացել դպրոց, բայց փետրվարի 26-ին արդեն երեխաները եկան»։

Նարա Մարտիրոսյան