Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի հանրակրթական դպրոցներում իրականացվում է «Ազգային նվագարանները դպրոցում» դաս-համերգների ծրագիր. մեկնարկը տրվել է Բերձորի դպրոցում

Արցախի հանրակրթական դպրոցներում իրականացվում է «Ազգային նվագարանները դպրոցում» դաս-համերգների ծրագիր. մեկնարկը տրվել է Բերձորի դպրոցում
Հասարակություն
15:26, 02 март 2022
ԱՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի վարչության ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժնի կողմից ԱՀ հանրակրթական դպրոցներում կիրականացվի «Ազգային նվագարանները դպրոցում» դաս-համերգների ծրագիր:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի նպատակն է երեխաններին ծանոթացնել հայկական ազգային նվագարաններին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական ընտրությանը:

Ծրագրի շրջանակներում դաս-համերգների միջոցով դպրոցականներին կմատուցվի ազգային երաժշտություն:

Ընթացքում երաժիշտները և երաժշտագետները կներկայացնեն նվագարանը մի քանի նախադասությամբ, կբացատրեն երաժշտական գործիքների նշանակությունը, դրանց պատմությունը:

Ներկայացման հետ միաժամանակ էկրանին կցուցադրվի գործիքը, այնուհետև կհնչի կատարումը տվյալ նվագարանով:

Առանձնապես կարևորվում է ծրագրի իրականացումը սահմանամերձ բնակավայրերում, այդ իսկ պատճառով մեկնարկը տրվել է Բերձորի արվեստի դպրոցից:

Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբն այցելել է Բերձորի արվեստի դպրոց՝ փոքրիկ դաս-համերգի միջոցով սաներին ներկայացրել հայկական ազգային նվագարանները: