Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կրթությունն այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը». Վահրամ Դումանյան

«Կրթությունն այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը». Վահրամ Դումանյան
Գիտություն
22:52, 30 апрель 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլ-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։ Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ հանդիպումով։ Ծրագրի մեկնարկը ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ՝ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի մեկնարկի կապակցությամբ և  մշակութային կրթության  կարևորության մասին իր խոսքն ուղղել  ծրագրի մասնակից դպրոցականներին:

«Ապրելով հետպատերազմյան իրողության մեջ, մենք հաճախ ենք խոսում անվտանգության մասին: Այս առումով  ուզում եմ կրկնել իմ այն միտքը, որ ամենամեծ անվտանգությունը սկսվում է կրթությունից, որի հիմքը դրվում է վաղ հասակից՝ մանկապարտեզից, դպրոցից, որտեղ սկսում եք գրել, կարդալ, մտածել: Կրթությունը հենց այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը: Դպրոցներում կրթություն ստանալուն զուգահեռ անհրաժեշտ է ստանալ  նաև հոգևոր կրթություն՝ հաղորդակցվելով մշակույթին ևարվեստին: Այս գեղեցիկ և կարևոր նախաձեռնությունը ձեր դպրոց գալով իր հետ կբերի հոգևոր և դրական մեծ լիցքեր»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ «Քո արվեստը դպրոցում» նախաձեռնության ևարվեստագետների հետհանդիպումների միջոցով դպրոցականները կիմանան և կճանաչեն  ճշմարիտ արվեստը:

Տեղեկացնենք, որ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի առաջին փուլում՝ ապրիլ-մայիս ամիսներին Երևանում հանդիպում-դասախոսություններով հանդես կգան ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստԱրմեն Էլբակյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանը (Վալմար),ջազ երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը,դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, լուսանկարիչ Տաթև Մնացականյանը: Աբովյանում՝  կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին, դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը: Աշտարակում՝ազգագրագետ և պարուսույց Գագիկ Գինոսյանը, Վանաձորում՝ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը,Եղեգնաձորում՝ դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը:

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրն կանցկացվի Հայաստանի բոլոր մարզերում։ 30 արվեստագետների հետ հանդիպումներին կմասնակցեն հանրապետության600 դպրոցների 8-12-րդ դասարանի աշակերտներ։Դասախոսություններըկուղեկցվեն արվեստագետներին ներկայացնող հատուկ պատրաստված տեսաֆիլմերով և աուդիո-վիզուալ նյութերով։ Հանդիպումները կտեսանկարահանվեն և հասանելի կլինեն ծրագրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ www.facebook.com/arttoschool, որտեղ կանցկացվեն նաև խաղ-վիկտորինաներ՝ դպրոցականների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը մեծացնելու նպատակով։

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, երիտասարդ սերնդին ծանոթացնել ժամանակակից արվեստագետների հետ, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում առկա մշակութային հիմնահարցերին, ինչպես նաև՝ նպաստել մասնագիտական կողմնորոշմանը: