Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ուկրաինայից դեպի Եվրոպա սահմանագծում օգնում են հայերին հատել սահմանը՝ նույնիսկ, եթե փաստաթուղթ չունեն․ Տեր Նարեկ քահանա

ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Ուկրաինայից դեպի Եվրոպա սահմանագծում օգնում են հայերին հատել սահմանը՝ նույնիսկ, եթե փաստաթուղթ չունեն․ Տեր Նարեկ քահանա
Հասարակություն
17:54, 04 март 2022
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում համեմատաբար հանգիստ է, փողոցային մարտեր չկան, քիչ առաջ մեր տարածքում հրթիռ ընկավ, բայց զոհեր ու վիրավորներ չկան։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը, ով բնակվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա քաղաքում։

«Այստեղ դեռևս 2014թ. մարտեր եղել են, երբ հրադադար կոչվածը հայտարարվեց՝ Դոնեցկի բաժանված տարածքի մասով շփման գիծ գոյություն ուներ, և հրետակոծություններ ու հրթիռակոծություններ, ինչպես նաև ավերածություններ միշտ եղել են»,- պատմեց մեր զրուցակիցը։ 

Տեր Նարեկ քահանայի խոսքով՝ Դոնեցկի անջատված մասում բոլոր ենթակառուցվածքները գործում են, պարզապես ջուրը գրաֆիկով է, որովհետև պատերազմի հետևանքով ջրատարները վնասվել են. «Քաղաքային տրանսպորտն աշխատում է, խանութները գործում են, լարված վիճակ չկա։ Պատերազմի առաջին օրը մեծ թվով բնակիչներ տարհանվեցին Ռուսաստան։ ԴԺՀ-ից տեղափոխման միայն մեկ ուղղություն ունենք՝ դեպի Ռուսաստան։ Մեր հայերից էլ շատերը իրենց ընտանիքները հանեցին հանրապետությունից, բայց հիմա չկա քաոսային վիճակ։ Քաոսը պատերազմի առաջին օրն էր՝ մոտ 6-7 ժամ մարդիկ խուճապի մեջ էին»:

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հոգևոր հովվի խոսքով՝ ամեն օր կապի մեջ է հայ համայնքի հետ, նշեց, որ այս օրերին հայերից միայն երկու ընտանիք է ցանկություն հայտնել երեխաներին Հայաստան տեղափոխելու, բայց քանի որ մոտակա օդանավակայանը Դոնի Ռոստովում է և փակ է՝ դեռևս սպասում են։ 

«Մեր տարածքում բնակիչներն այս օրերին ապահով են, տանը նստած են, անհրաժեշտության դեպքում են դուրս գալիս։ Մեր բոլոր համայնքները, այդ թվում՝ Ուկրաինայի կողմում, շատ կազմակերպված են։ Հայ համայնքը բոլոր հնարավոր միջոցներն արեց պատերազմի սկզբի օրերին, որպեսզի մեր ազգաբնակչությանը տարհանենք ապահով տեղ՝ չնայած այս պահին ես նայում եմ քարտեզը, Ուկրաինայում ապահով տեղ էլ չի մնացել։ Իմ ընտանիքն ապրում է Ուկրաինայի Խարկով քաղաքում, մի քանի օր Խարկովում նկուղում նստած են եղել, այս գիշեր մի կերպ տեղափոխվել են կենտրոնական Ուկրաինա՝ Վինիցա քաղաք, բայց այնտեղ էլ անվտանգ չի»,- նշեց հոգևոր հովիվը։ 
Տեր Նարեկ քահանան ընդգծեց, որ ներկայումս շատ ծանր վիճակում են Ուկրաինայի Խարկով, Մարիուպոլ, Զապորոժիե քաղաքների բնակիչները, ինչպես նաև Խերսոնն է շրջափակված, մարդիկ սպասում են միջանցքների բացմանը, որպեսզի կարողանան դուրս գալ: «Մեր եկեղեցական և համայնքային վարչությունները շարունակ ամեն բան անում են, որպեսզի մեր հայերի անվտանգությունն ապահովեն, անմիջական կապի մեջ ենք ՀՀ արտգործնախարարության համապատասխան կառույցների հետ՝ Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների ՀՀ դեսպանությունների հետ, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ։ Ես անձամբ օրը մի քանի անգամ կապի մեջ եմ իրենց հետ, և բոլոր հարցերը կարգավորում ենք, ամեն ինչ անում ենք, որ մեկ հայի գլխից մազ չպակասի։ Լրահոսից և անմիջական կապից գիտեմ, որ Կիևում ՀՀ դեսպանատունն ամեն բան անում է, որ մեր հայերին եվրոպական երկրներն առանց խոչընդոտի ընդունեն։ Եվրոպական սահմանագիծ երկրներում մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն օգնում են անգամ, եթե անձը փաստաթուղթ չունի, որպեսզի կարողանա սահմանը հատել»,- հավաստիացրեց Տեր Նարեկ քահանան։ 

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ հայ համայնքային կառույցները Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ բոլոր այն քաղաքներում, որտեղից երթուղին գնում է դեպի եվրոպական երկրներ՝ այդ բոլոր քաղաքներում բոլոր հայերի համար գիշերակացի, սննդի հարց են ապահովել։  

Նարա Մարտիրոսյան