Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կողմից Խրամորթը հայաթափելու փորձեր են կատարվում, բայց նույնիսկ իրենց կախարդական GPS-ներով է Խրամորթը հայկական տարածք. Արցախի ՆԳՆ ներկայացուցիչ

Ադրբեջանի կողմից Խրամորթը հայաթափելու փորձեր են կատարվում, բայց նույնիսկ իրենց կախարդական GPS-ներով է Խրամորթը հայկական տարածք. Արցախի ՆԳՆ ներկայացուցիչ
Հասարակություն
14:55, 09 март 2022
«Երեկ գիշերը Խրամորթում պայթյունի ձայն լսեցինք, բայց գյուղացիների մեջ խուճապ չկար։ Ականներն ընկել են գյուղից 1 կմ հեռավորության վրա»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթ բնակավայրի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանն ու ընդգծեց, որ գյուղի բնակիչներն իրենց բնականոն կյանքով ապրում են, դպրոցում էլ դասերն են ընթանում։ 

Արցախի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը մեզ հետ զրույցում նախ հիշատակեց, որ երեկ՝ մարտի 8-ին, երեք անգամ Ադրբեջանի զինծառայողները ականանետից կրակել են Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ, այնուհետև նշեց, որ բարեբախտաբար գյուղի բնակելի հատվածին որևէ վնաս չի պատճառվել՝ տուժածներ չկան.  «Ականներն ընկել են գերեզմանների տարածքում և դաշտավայրային գոտում։ Ռուս խաղաղապահներին անմիջապես զեկուցվել է, թեպետ նրանք այնտեղ Արցախի ոստիկանների հետ շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Ռուս խաղաղապահներն ուսումնասիրություններ են արել, և նորից սկսվել են բանակցություններն Ադրբեջանի զինծառայողների հետ։ Բայց այս շրջանում բանակցությունները դրական արդյունք չեն տալիս, Ադրբեջանի զինծառայողներն անընդհատ խախտում են հրադադարը և խաղաղ բնակիչների ուղղությամբ խոշոր տրամաչափի զենքերով են արդեն կրակում»։ 

Հունան Թադևոսյանի խոսքով՝ ուժեղացված ծառայությունը ներառում է շուրջօրյա մշտադիտարկում գյուղի տարածքում, և թե ռուս խաղաղապահները, թե Արցախի ոստիկանները մշտապես գյուղացիների կողքին են, որպեսզի խրամորթցիներն իրենց ապահով զգան։ Արցախի ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետն ընդգծեց նաև, որ Արցախի ոստիկանները և այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ շատ դեպքերում ռուս խաղաղապահների հետ միասին մասնակցում են բանակցություններին։ 

«Խրամորթում առաջին դեպքը եղել է փետրվարի 16-ին՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Խրամորթի տրակտորիստի ուղղությամբ էր կրակել, հետո դաշտավայրում աշխատող գյուղացիներին բարձրախոսներով զգուշացնում էին լքել գյուղը, սրանց էլ հաջորդեց արդեն գյուղի ուղղությամբ ականներ արձակելը՝ մարտի 7-ին և մարտի 9-ին։ Արցախի կողմից որևէ հակահարված չի եղել»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Հարցին՝ բանակցությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ն ի՞նչ է պահանջում հայկական կողմից, Հունան Թադևոսյանը պատասխանեց. «Ասում են՝ Խրամորթն ադրբեջանական տարածք է, պետք է լքեք գյուղը։ Բայց խորհրդային ժամանակներից մինչև Ակնայի ազատագրումը՝ գյուղը միշտ բնակեցված է եղել հայերով, հայկական հին բնակավայր է։ Նույնիսկ իրենց կախարդական GPS-ներով Խրամորթն իբրև ադրբեջանական տարածք չի համընկնում»։ 

Դիտարկմանը՝ կարելի է ասել, որ Ադրբեջանի զինծառայողների նմանաբնույթ գործողությունների հրահանգները տրվում են Ադրբեջանի կառավարությունից, մեր զրուցակիցն արձագանքեց. «Միանշանակ, որովհետև մեկ կամ երկու դեպք չէ, անընդհատ իրար հետևից փորձեր են արվում վախի մթնոլորտ ստեղծելու, որպեսզի գյուղը հայաթափվի, և սա միանշանակ կատարվում է պետական մակարդակով»։  

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 9-ին, Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մարտի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը՝ 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան։  

Նարա Մարտիրոսյան