Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսքան տարիներ ես չտեսա, որ Հայաստանի մտավորականությունը բարձրաձայնի Արցախի խնդիրը, իսկ Արցախում բոլորն իրենց գործառույթները լիարժեք կատարում են․ Արցախի թեմի առաջնորդ

Այսքան տարիներ ես չտեսա, որ Հայաստանի մտավորականությունը բարձրաձայնի Արցախի խնդիրը, իսկ Արցախում բոլորն իրենց գործառույթները լիարժեք կատարում են․ Արցախի թեմի առաջնորդ
Հասարակություն
17:18, 16 март 2022
«Ադրբեջանի սադրիչ գործողությունները ոչ թե ժամանակի մեջ մենք պետք է տեսնենք՝ այսօր կամ վաղը, այլ դա ընդհանուր մոտեցում է թշնամու կողմից։ Դրանք նպատակաուղղված ծրագրեր են, որոնք իրականացնում են Արցախի ժողովրդի դեմ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Հիմա, եթե այսօր կրակոց է, վաղը իսլամական կամ մահմեդական քարոզչության ձև, գազատարի պայթեցում՝ դրանք համապարփակ փաթեթ են, որ իրենք իրականացնում են՝ տարբեր ժամանակահատվածներում տարբեր շեշտադրություններով։ Սրանք նպատակաուղղված քայլեր են մեր ժողովրդի դեմ և մենք պետք է պատրաստ լինենք այդ սադրանքները չեզոքացնելուն։ Իսկ չեզոքացնելու համար մեկ ձև կա՝ համախմբվածություն և նպատակաուղղված աշխատանք՝ դա կլինի իշխանության, հոգևորականության, թե մտավորականության կողմից»,-հավելեց մեր զրուցակիցը։ 

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ընդգծեց, որ երբ նայում ենք ռուսական հեռուստաալիքները՝ տեսնում ենք թե ռուս մտավորականությունը ինչպես է պետության կողքին կանգնած և ինչպես է այդ քարոզչության մեքենային արձագանքում՝ լավ իմաստով․ «Բայց այսքան տարիներ ես չտեսա, որ մտավորականությունն արձագանքի, խոսի, բարձրաձայնի Արցախի խնդիրը։ Այս չեզոք դիրք բռնելը՝ անտարբերությունը, բերում է նրան, որ մենք համախմբված չեն»,-ընդգծեց նա։ 

Մեր ճշտող հարցին՝ Դուք նկատի ունեք Հայաստանի՞ մտավորականությունը արձագանքի, բարձրաձայնի, թե՞ Արցախի՝ մեր զրուցակիցն արձագանքեց․ «Խոսքը վերաբերում է Հայաստանի մտավորականությանը, պետք է իրենց խոսքը լսվի՝ դա ազդեցություն կունենա բոլոր օղակների համար։ Արցախը իր գործառույթերը լիարժեք կատարում է, Արցախում թերի օղակ չկա։ Եթե մարդիկ տեսնեն, որ մեր ազգը համախմբված է այս աստվածահաճո առաքելության մեջ՝ մեզ կսկսեն հարգել, ընդունել, որպեսզի հակահարված տանք ադրբեջանական կողմի բոլոր ոտնձգություններին»։ 

Արցախում տևական ժամանակ բնական գազ չլինելու խնդրին անդրադառնալով՝ Արցախի թեմի առաջնորդը նշեց, որ Արցախի պետությունը բոլոր նկատվող և չնկատվող քայլերով կատարում է այդ ամենը, որպեսզի մեկ օր առաջ գազամատակարարումը լինի․ «Բայց գազը կենցաղ է՝ այսօր չկա վաղը կլինի, այստեղ պետականություն կորցնելու վտանգ է։ Մենք ուրախ ենք, որ գազատարի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ բանակցությունները բարեհաջող ավարտվեցին՝ ասում են այսօր կամ վաղը կլինի, բայց չպետք է մոռանանք մենք ում հետ ենք բանակցում»։

Նարա Մարտիրոսյան