Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր հրազենային վիրավորումից մահացած 2 զինվորներն էլ Արարատի մարզից էին, ընտանիքների միակ արու զավակները

Այսօր հրազենային վիրավորումից մահացած 2 զինվորներն էլ Արարատի մարզից էին, ընտանիքների միակ արու զավակները
Հասարակություն
14:23, 17 март 2022
Այսօր առավոտյան ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ.) դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

Արարատի մարզի Վարդաշենի վարչական ղեկավար Արման Ավագյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Ալբերտ Սիրոյանը շատ համեստ, խելացի և դաստիարակված երիտասարդ էր։

«Ալբերտը ֆուտբոլի հետ սեր ուներ։ Նորմալ, ընտանիքին նվիրված տղա էր։ Նա մի քույր ուներ։ Հայրը վաղուց էր մահացել, նա բնակվում էր մայրիկի հետ»,- ասաց Արման Ավագյանը։  

Նշենք, որ սույն դեպքից հետո ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003 թ.) դին՝ հրազենային վիրավորումով, որը նույնպես Արարատի մարզից էր, Նոր կյանք գյուղից։ 

Մենք զրուցեցինք նաև Նոր կյանքի վարչական ղեկավար Արամ Արտաշյանի հետ։ Խոսելով Էդուարդի մասին՝ Արամ Արտաշյանն ասաց, որ նա ատամնաբույժ էր ուզում դառնալ, բնավորությամբ շատ հանգիստ, հավասարակշռված երիտասարդ էր։  

«Նա բնակվում էր ծնողների հետ։ Եղբայր ուներ, որը 18 տարեկանում լճում խեղդվել էր, և երկու քույր ուներ։ Նա շատ բարի տղա էր, ընտանիքն  էլ շատ հավասարակշռված, բարի մարդիկ են»,- ասաց Արամ Արտաշյանը։

Ինչպես հայտնել է ՊՆ-ն, երկու դեպքով էլ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: