Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի վարչական շրջանների ղեկավարների մի մասը նախորդ տարվա ասֆալտապատումների գույքագրումը բարեխղճորեն ներկայացրել է, մյուս մասը 10-օրյա ժամկետում չեն ներկայացրել․ Կամո Արեյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում գրանցված վթարների թիվը, ասաց, որ գրանցվել է 499 վթար, որից 122-ը ջրագծի, իսկ 377-ը՝ կոյուղագծի։ 

Նա նաև տեղեկացրեց, որ վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում քանդվել է 313 քմ ասֆալտբետոնե ծածկույթ, որից 115-ը վերականգնվել է, իսկ մնացածը կվերականգնվի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Իրականացվել է 19 վթարային ջրազրկում, 3 դիտահորի վերանորոգում և 164 հեղեղատար ցանցի մաքրման աշխատանքներ՝ Ազատության, Աճառյան, Պարույր Սևակ, Հասրաթյան, Լեոյի, Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Ծիծեռնակաբերդի հասցեներում։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց, թե այս եղանակային պայմաններում, որ ձյուն է տեղում, ասֆալտապատումն ինչպես են իրականացնում, «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչն ասաց, որ ժամանակավոր են ասֆալտապատում։

Այնուհետև քաղաքապետն ասաց, որ հանձնարարական ունեն՝ տրված Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, որ նախորդ տարվա ասֆալտապատումները պետք է գույքագրվեն, և դիմելով քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին՝ հարցրեց, թե ունե՞ն արդեն հավաքագրված տեղեկատվությունը, թե՞ ոչ, նաև նշելով, որ միայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր, որ խնդրել էր ժամկետը 10 օրով երկարաձգել, որը մակագրել է։

Ի պատասխան Կամո Արեյանն ասաց․

«Ամբողջովին դեռ ոչ, ասվել է, որ երկու օրվա մեջ ավարտեն բերեն։ Մի մասը շատ բարեխիղճ, լուսանկարներով, ամբողջ վարչականը գույքագրված բերել են»,-ասաց Կամո Արեյանը՝ նշելով, որ դա 10-օրյա ժամկետում պետք է արվեր և ժամկետը լրացել է։

Քաղաքապետն էլ դիմելով վարչական շրջանների ղեկավարներին՝ հարցրեց, թե ի՞նչ խնդիրներ կան, որ չեն ներկայացրել և կումունալներում միջինը քանի՞ աշխատող ունեն։

«Վեց-յո՞թ, աչքիս շատ են։ Կոմունալներին էլ պետք է անդրադառնանք»,-ասաց քաղաքապետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում