Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արկի պայթյունից հետո պատերազմի դաշտից փախած դասալիք երիտասարդը, որին անձամբ եմ տեսել, այսօր փողոցում «փրկում է» Արցախը. ԱՏԱՆ ՌՀԿ շտաբի պետ. ուղիղ

Արկի պայթյունից հետո պատերազմի դաշտից փախած դասալիք երիտասարդը, որին անձամբ եմ տեսել, այսօր փողոցում «փրկում է» Արցախը. ԱՏԱՆ ՌՀԿ շտաբի պետ. ուղիղ
Հասարակություն
17:02, 11 май 2022
«Բանակի մարտունակության մասով կարող եմ ասել, որ կան շատ թերություններ, և կա առավելություն, և դա հայ զինվորի ու սպայի ամրակուռ հոգին է։ Բայց միայն ամրակուռ հոգի և պատրաստակամություն ունենալը քիչ է, որովհետև մեր մարտավարությունը պետք է ենթարկվի փոփոխության։ Հայկական բանակի ստեղծումից ի վեր մենք օգտագործում ենք նույն մարտավարությունը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱՏԱՆ ռազմահայրենասիրական կազմակերպության շտաբի պետ Եփրեմ Մարգարյանը։  

Նա նշեց, որ իրենք առաջարկ են մշակել և այն ուղարկել են ՊՆ՝ նշելով, որ հիմնովին պետք է փոխվեն բանակի կարգերը, որոնք հաստատված են։

Եփրեմ Մարգարյանի խոսքով՝ պետք է արմատապես փոխվի բանակի հիմքը: Նա հիշեցրեց, որ բանակի պատմության 30 տարվա ընթացքում կար ժամանակ, երբ զինվորը դիտվում էր քայլող գումարի առարկա։

Խոսելով նաև այն մասին, որ  ներքաղաքական լարվածությունն ազդում է Զինված ուժերի վրա, Եփրեմ Մարգարյանն ասաց. «Օրինակ՝ երկու ծառայակից ընկերներ են, որոնցից մեկի ծնողը հավակնում է իշխանական թևին, մյուսի ծնողը՝ ընդդիմադիր թևին, և այդտեղ գալիս է  երկու զինվորի միջև վեճ, թե ով է  ճիշտը, իսկ սա ազդում է բանակի վրա, բանակում ծառայող զինվորը, թողած իր ծառայությունը, ամեն օր հետևում է քաղաքական գործընթացին, ոչ թե իր ծառայությանը»,- ասաց Եփրեմ Մարգարյանը։ 

Խոսելով նաև հայրենիքը «փրկողների» մասին՝ Եփրեմ Մարգարյանն ասաց, որ փրկելը չպիտի դրսևորվի Երևանի կենտրոնի լուսավոր ու ասֆալտապատ փողոցներում քայլելով։ 

«Օրերս հեռուստացույց էի նայում, ցուցարարների մեջ տպավորվեց մի երիտասարդ, որին անձամբ ես տեսել եմ պատերազմի ժամանակ, 5-րդ պաշտպանական շրջանում, երբ դեռ զենք էին ստանում, մի քանի հոգի էլ եկել էին, խնդրեցին, որ իրենց էլ վերցնեմ իմ պատասխանատվության տակ: Այդ երիտասարդը շատ բարձր էր խոսում հայրենիքի մասին, բայց ընդամենը մի քանի արկի պայթյունից հետո տվյալ երիտասարդը փախավ, և ես ստիպված էի նրան ներկայացնել որպես դասալիք: Այսօր ինքը փողոցում «փրկում է» Արցախը և հայրենիքը։ Տղա ջան, եթե դու մարտի դաշտում արդեն հետ փախար, քո փրկության գործոնը Երևանի փողոցներում հավասար է զրոյի»,- ասաց Եփրեմ Մարգարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան