Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փորձում ենք ստեղծել այն խողովակը, որով տեխնոլոգիաներն ավելի հասանելի կդառնան բիզնեսին. մեկնարկել է «Գիտության եւ գործարարության օրեր-2022»-ը

Փորձում ենք ստեղծել այն խողովակը, որով տեխնոլոգիաներն ավելի հասանելի կդառնան բիզնեսին. մեկնարկել է «Գիտության եւ գործարարության օրեր-2022»-ը
Հասարակություն
13:20, 15 июнь 2022
«Մեր գիտահետազոտական ինստիտուտները ստեղծում են լավ պրոդուկտներ, բայց առեւտրայնացման խնդիր ունեն՝ չեն կարողանում աշխարհին պատմել իրենց հայտնագործությունների մասին»- այսօր՝ հունիսի 15-ին, «Գիտության եւ գործարարության օրեր-2022» համաժողովի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարն այս համատեքստում օրինակ բերեց բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ արտադրվում են այնպիսի մշակաբույսերի սորտեր, որոնք թե համային, թե արտադրողականության առումով շատ բարձր են։ 

«Հիմա մենք փորձում ենք ստեղծել այն խողովակը, որով տեխնոլոգիաներն ավելի հասանելի կդառնան բիզնեսին։ Բիզնեսի մեջ առանց գիտության ներդրման մենք բանվորությամբ ենք զբաղվելու, այսինքն՝ ցածր տեխնոլոգիական ապրանքներ ենք վաճառելու, իսկ եթե նույնիսկ բարձր տեխնոլոգիական, ապա տեխնոլոգիաները պարտքով ենք վերցնելու ուրիշներից, ինչը մեզ վրա թանկ է նստելու»,-նշեց նախարարը՝ հարցադրման տեսքով խոսքն ուղղելով բիզնեսի ներկայացուցիչներին։

«Այո, գիտությունը մեծ դեր ունի բիզնեսի մեջ, մենք մեր տեխնոլոգիաները պետք է ստեղծենք։ Մենք աշխատել ենք Սլավոնական համալսարանի հետ, Երեւանի պետական համալսարանի հետ դեղարտադրության հետազոտությունների ոլորտում՝ գիտությունը պետք է բիզնեսին օգնի այդ հարցերում»-արձագանքեց «Նոյմեդ» ընկերության գլխավոր գիտաշխատող Անի Մարկոսյանը։ 

Վահան Քերոբյանն էլ հիշատակեց ՀՀ վարչապետի մոտեցումը գիտության հարցում. «Վարչապետի ամենագլխավոր անելիքներից մեկը բարձրագույն կրթությունը ժամանակակից եւ մրցունակ դարձնելն է եւ այդ պատճառով 1-2 տարի առաջ հայտարարվեց ակադեմիական քաղաք ստեղծելու մասին, որտեղ պետք է ստեղծվի այն միջավայրը, որտեղ կլինեն ժամանակակից եւ մրցունակ համալսարաններ», ասաց նախարարն ու ընդգծեց, որ այսպիսի օրինակներ արաբական երկրներում շատ կան՝ Կատարում, Դուբայում. «Այնտեղ էներգակիրների վաճառքից ստացած գումարները դրվում են համալսարանական կրթության մեջ»։ 

Համաժողովում նախարարը բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկում է՝ թե կառավարությունն ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի, որ այս պրոբլեմը լուծի։

Նշենք, որ համաժողովին ներկա են նաեւ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանը եւ այլոք։

Նարա Մարտիրոսյան