Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա աշխատում եմ գտնել այն գիտական ճյուղը, որտեղ կարող եմ օգտակար լինել Հայաստանին. Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափության. տեսանյութ

Civic.am-ի հարցերին պատասխանել է բժշկության ոլորտում հայազգի առաջին Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 15-ին, Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել է «Գիտության և գործարարության օրեր-2022» համաժողովը։

- Պարոն Փաթափության, այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսում էր այն մասին, որ Հայաստանում գիտահետազոտական ինստիտուտները բավական լավ որակի արտադրանք ունեն, որոնք արտադրվում են բարձր տեխնոլոգիայով, սակայն չեն կարողանում այդ արտադրանքը դարձնել ճանաչելի աշխարհի համար։ Նախարարը քննարկում էր բիզնեսի ներկայացուցիչների հետ, թե ինչ քայլեր են պետք՝ ստեղծելու խողովակ և այդ միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքները հայտնի դարձնելու աշխարհին։ Ձեր կարծիքով՝ ՀՀ կառավարությունը ի՞նչ քայլեր պետք է անի այդ ուղղությամբ։ 

- Ես կարծում եմ՝ հանրային և մասնավոր սեկտորների համագործակցությունը միշտ շատ կարևոր է հաջողության հասնելու համար, և հատկապես փոքր երկիրը, ինչպես Հայաստանն է, որը չունի միլիարդավոր դոլարների բյուջե աջակցելու, շատ կարևոր է, որ կենտրոնանա այն ոլորտներում, որտեղ կարող է գերազանցել համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Ես կարծում եմ, որ սա տեղի է ունենում, կա ներդրումների աճ գիտության ոլորտում, և կա մեծ հետաքրքրություն յուրաքանչյուրին, հայկական սփյուռքին ներգրավելու այս գործընթացում՝ սկսած ակադեմիական ոլորտից մինչև արդյունաբերություն, և ես կարծում եմ՝ դա ճիշտ ուղղություն է։

- Հայաստանը ո՞ր երկրից պետք է օրինակ վերցնի՝ հաշվի առնելով իր տնտեսական հնարավորությունները, գիտական ռեսուրսները, որպեսզի ավելի հեշտորեն հաղթահարի իր առջև ծառացած խնդիրները գիտության ոլորտում։

- Ես ծանոթ եմ ԱՄՆ-ի գիտության զարգացվածությանը և որոշ եվրոպական երկրների գիտությանը, որոնք ունեն ժամանակակից հետազոտությունների ծրագրեր։ Շատ լավ քաղաքականություն կլինի դիտարկել այն երկրներին, որոնք ունեն Հայաստանի նման պատմություն և նախադրյալներ։  

- Դուք այս միջոցառմանը ի՞նչ պրեզենտացիա եք ներկայացնելու և ի՞նչ խորհուրդներով եք հանդես գալու։


- Իմ երկու նպատակներն են՝ լինելով հայկական ծագմամբ առաջինը, ով ստացել է Նոբելյան մրցանակ, ուզում եմ, որ հայ երիտասարդությունը հետաքրքրություն ստանա այս ոլորտում, ուզում եմ նրանք նայեն և ասեն՝ եթե Արդեմը կարողացավ դա անել, ապա ես նույնպես դա կարող եմ անել։ Կարծում եմ՝ դա ամենակարևոր նպատակն է՝ հաղթահարել մտավոր խոչընդոտը։ Եվ երկրորդը՝ եթե ես ներկայիս որևէ գործունեության մեջ՝ գիտության կամ տեխնոլոգիայի ոլորտում, կարող եմ որևէ անձնական ներդրում ունենալ, օգնություն առաջարկել, հիմա այդ ուղղությամբ եմ աշխատում՝ գտնելու այն ճյուղը, որտեղ ես կարող եմ օգտակար լինել։ 

Նարա Մարտիրոսյան