Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան այցելած երիտասարդ զբոսաշրջիկների թիվն ավելացել է. ոմանք նույնիսկ հայերեն խոսել ու երգել են սովորում և պարում Քոչարի

Հայաստան այցելած երիտասարդ զբոսաշրջիկների թիվն ավելացել է. ոմանք նույնիսկ հայերեն խոսել ու երգել են սովորում և պարում Քոչարի
Հասարակություն
17:31, 14 июль 2022
«2022 թվականի հունիս ամսվա վիճակագրական տվյալներով՝  Հայաստան է ժամանել շուրջ 130 000 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճը կազմել է շուրջ 102 տոկոս, իսկ մայիս ամսվա համեմատ՝ շուրջ 11,5 տոկոս։ Ունեցել ենք բավականին զբոսաշրջային աճ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանը։  

Վերջինս նշեց, որ զբոսաշրջիկները հիմնականում ժամանել են ՌԴ-ից, Իրանից, Վրաստանից, եկել են նաև ԱՄՆ-ից, դրան հաջորդում են եվրոպական երկրներից և Բելառուսից եկածները։ 

Հարցին, թե միջինը քանի օր են զբոսաշրջիկներն անցկացնում Հայաստանում, Անուշ Բաբայանն ասաց, որ օրինակ՝ ռուսները հունիսին միջինը մնում են 22 օր։

«Ամենաշատ այցելություններն ապահովվել են օդային ճանապարհով, դրանից հետո գալիս է ավտոմոբիլայինը։ Ցամաքային ճանապարհով  ամենաշատ այցելություններ ունեցել ենք Բագրատաշենի անցակետով, իսկ գնացքով՝ Այրումով, այցելությունները բավականին քիչ են»,- ասաց Անուշ Բաբայանը։ 

Նա նաև նշեց, որ Ուկրաինայից այցելություններն ավելի շատ էին փետրվար-մարտ ամիսներին, հիմա ավելի նվազել են։

«Ունենք նաև վիճակագրական տվյալներ ըստ տարիքի և սեռի, և կարող եմ ասել, որ հունիսին, ըստ տարիքի, զբոսաշրջությունն ավելի շատ երիտասարդացել է, ավելի շատ են նաև 16-25 տարեկան և 25-36 տարեկան զբոսաշրջիկները։ Քովիդի սահմանափակումների վերացմամբ է  պայմանավորված նաև այցելությունների քանակի աճը, որովհետև այս պահի դրությամբ ՀՀ մուտք գործելու համար որևիցե խիստ արգելք, սահմանափակումներ չկան»,- ասաց Անուշ Բաբայանը։

Մենք զրուցել ենք նաև Երևանում  գտնվող զբոսաշրջիկների հետ։ Նրանք բոլորն էլ  հիացած են Հայաստանով։ Մի ռուս զբոսաշրջիկ էլ, որն իրեն արդեն համարում է հայ բլոգեր, մեզ տեսնելիս բարևեց հայերեն, սկսեց հայերեն երգել և ասաց, որ Քոչարի պարել է սովորել։ 
Հարցին՝ հաջորդ անգամ էլի կգա՞ն Հայաստան, մեզ հետ զրուցած բոլոր զբոսաշրջիկները տվեցին դրական պատասխան։ Նրանք նաև գոհ են գներից և տեղացիների վերաբերմունքից։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան