Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում զբոսաշրջությունը «երիտասարդանում է»

Հայաստանում զբոսաշրջությունը «երիտասարդանում է»
Հայաստան
18:27, 23 июль 2021
2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստան է այցելել 239.263 զբոսաշրջիկ  

Օne way tour տուրիստական ընկերությունից Civic.am-ին տեղեկացրին, որ այս պահին Հայաստանից զբոսաշրջիկները առավել շատ մեկնում են դեպի Եգիպտոս, իսկ մյուս շաբաթվանից սկսած կմեկնեն նաև Եվրոպա՝ Հունաստան, Իսպանիա։ Ուղիղ չվերթների հետ կապված՝ ներկա պահին շատ հագեցվածություն է նկատվում դեպի Կիպրոս և Մոնտենեգրո, բայց հնարավոր է, որ մարդիկ ցանկանան տրանզիտով մեկնել։ 

«Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստան է այցելել 239.263 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա եռամսյակի հետ համեմատած թվերը գրեթե չեն փոխվել։ Միայն անցած տարի՝ հունվար-մարտ ամիսներին, Հայաստան են եկել Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և եվրոպական երկրներից՝ հիմնականում Ֆրանսիայից և Գերմանիայից»,- նշեց արտագնա տուր-մենեջերը։ 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2020 թ. փետրվարին հրապարակած տվյալների՝ վերջին տասը տարիներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է շուրջ 1,3 միլիոնով: 2021 թվականի հունիս ամսվա ընթացքում  Հայաստան են ժամանել 64.101 զբոսաշրջիկ։ Ռուսաստանից Հայաստան են մուտք գործել 95.537 զբոսաշրջիկ, Իրանից՝ 26.338, իսկ Վրաստանից՝ 20.726 զբոսաշրջիկ։ Նրանք Հայաստանում մնում են միջինում 4-7, 11-15 և 21 օր։ 

Զբոսաշրջության կոմիտեի PR մասնագետ Գայանե Այվազյանը Civic.am-ի հետ  զրուցում նշեց, որ հունիս ամսին զբոսաշրջիկների Հայաստանում անցկացրած օրերի միջին թիվը հիմնականում կազմել է 1-3 և 4-7 օր՝ պատվաստումներով պայմանավորված։ Սակայն կան զբոսաշրջիկներ, որոնք երկար են մնում՝ կախված այն բանից, թե որ երկրից են եկել, և մնում են երկու շաբաթ ու ավելի։

«Հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ արտասահմանից եկած զբոսաշրջիկների տարիքը 36-63 և 26-35-ի սահմաններում է։ Կարելի է ասել, մեր զբոսաշրջությունը «երիտասարդանում է»,-  նշեց արտագնա տուր-մենեջերը։ 

Այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում արտագնա զբոսաշրջիկների թիվը 115.546-ն է։