Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ երկրներից, Ուկրաինայից նախորդ տարի ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է, ԱՄՆից եւ ԻԻՀ-ից այցելածներինը՝ աճել․ ՀՀ-ն գրավիչ է հանգստի, ժամանցի, բուժման համար

ԵՄ երկրներից, Ուկրաինայից նախորդ տարի ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է, ԱՄՆից եւ ԻԻՀ-ից այցելածներինը՝ աճել․ ՀՀ-ն գրավիչ է հանգստի, ժամանցի, բուժման համար
Հայաստան
12:02, 09 март 2022
2021-ին նախորդ տարվա՝ 2020 թվականի համեմատ 152,6 տոկոսով աճել է ներքին զբոսաշրջությունը՝  կազմելով 1.595.826 մարդ՝ 2020-ի 1.045.756 զբոսաշրջիկի դիմաց։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) հրապարակած տեղեկանքից։ ԱՎԿ-ն դասակարգել է զբոսաշրջիկներին՝ ըստ այցելության նպատակի։ Մասնավորապես, ըստ ներքին զբոսաշրջության մասին տեղեկանքի` գործնական նպատակով զբոսաշրջիկների թիվը 2021-ին կազմել է 247.843 մարդ՝  2020 թվականի 150.649 զբոսաշրջիկի դիմաց։

Հանգստի եւ ժամանցի նպատակով ներքին զբոսաշրջությունը  կազմել է 1.229.224 մարդ՝  2020 թվականի 765.100 մարդու փոխարեն, կրթական նպատակով ՝ 12.709 մարդ՝  2020-ի  4.553 –ի համեմատ (2,8 անգամ ավելի)։  Բուժման նպատակով ներքին զբոսաշրջությունը նույնպես աճ է արձանագրել՝ կազմելով  67.325 մարդ՝ 2020-ի  53.500 մարդու դիմաց (աճի տեմպը՝ 125.8 տոկոս)։ Այլ նպատակով ներքին զոսաշրջությունը 2021-ին կազմել է 38.725 մարդ՝ 2020-ի 71.953 մարդու դիմաց։ Ընդգծենք, որ բերված տվյալներն արտացոլում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության՝ ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում։ 

ԱՎԿ-ն ամփոփել է նաեւ  միջազգային զբոսաշրջության պատկերը։ Ըստ միջազգային  զբոսաշրջության մասին տեղեկանքի՝ 2021թ.հունվար-դեկտեմբերին ՀՀ է ժամանել ավելի շատ՝ 870.308 զբոսաշրջիկ, քան 2020 թվականին՝ 360.338 մարդ, մեկնել է 423.380 զբոսաշրջիկ՝ 2020 թվականի 301.326-ի դիմաց։ ԱՎԿ-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի հունվար-դեկտեմբերին վերաբերող ժամանումերի վերաբերյալ  ցուցանիշը ձեւավորվել է միայն 2020թ. հունվար-մարտ, սեպտեմբեր եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակաշրջանի տվյալներով: 2020թ. ապրիլ-հունիս և հուլիս-օգոստոս ժամանակաշրջանում ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի № 298-Ն որոշման ուժով ՀՀ ներգնա եւ արտագնա զբոսաշրջային այցելություններ չեն արձանագրվել: Ներգնա եւ արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսացել սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության  ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով՝ համաձայն ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին» №14-24 արձանագրային որոշմամբ ներկայացված միջոցառումների իրագործման նպատակով Արմստատի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքի: Այս հանգամանքով պայմանավորված՝ 2020թ-ի ցուցանիշները վերանայվել են:  

ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության կառուցվածքն ու աճի տեմպը 2020-2021թթ. հունվար-դեկտեմբերին ունի հետեւյալ պատկերը․ զբոսաշրջիկների բացարձակ թվաքանակի աճի տեմպը 2021 թվականին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2.9 անգամ է։  ԱՊՀ երկրներից, մասնավորապես Ուկրաինայից ՀՀ եկած զբոսաշրջիկների տեսակատարար կշիռը նվազել է․  2021-ին կազմել է 1,9 տոկոս՝ 2020 թվականի 2,1 տոկոսի դիմաց։ ՌԴ-ից այցելածների տեսակարար կշիռը կազմել է 41.5 տոկոս՝ 2020 թվականի հունվար-հոկտեմբերին արձանագրված՝ 39.0 տոկոսի փոխարեն։ ԵՄ անդամ երկրներից, մասնավորապես Նիդերլանդներից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից այցելած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը 2021-ին եւս նվազել է՝ 13.5 տոկոս՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 17.1 տոկոս։ Աճել է մասնավորապես ԱՄՆ-ից՝ 7,8 տոկոս, Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 11,0 տոկոս, Վրաստանից 2,0 տոկոս, այցելած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը։ Նկատենք, որ Թուրքիայից ժամանածների թիվը 2021-ին նվազել է՝ կազմելով 0.1 տոկոս՝ 2020 թվականի 0.4 տոկոսի դիմաց։ Կանադայից այցելածներ տեսակարար կշիռը թե՛ 2020-ին, թե՛ 2021-ին կազմել է 0,7 տոկոս։  

Գործնական, հանգստի եւ ժամանցի, բուժման նպատակով միջազգային զբոսաշրջության ցուցանիշները նույնպես 2021-ին աճել են։ Մասնավորապես հանգստի եւ ժամանցի նպատակով այցելած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը հունվար-հոկտեմբերին կազմում է 52.3 տոկոս, գործնական նպատակով այցելածներինը՝ 25.8 տոկոս, բուժման նպատակով այցելածներինը՝ 0.5 տոկոս։ (Բերված տվյալներն արտացոլում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին):

ՀՀ-ից զբոսաշրջիկները մեկնել են հիմնականում հանգստի եւ ժամանցի՝ տեսակարար կշիռը՝ 86,0 տոկոս, ինչպես նաեւ գործնական նպատակով՝ տեսակարար կշիռը՝ 14.0 տոկոս։ Նկատենք, որ ՀՀ-ից հանգստի մեկնածների տեսակարար կշիռը 2021-ին  2020 թվականի համեմատ նվազել է․ այդ տոկոսը 2020-ին 89.4 տոկոս էր։ ՀՀ-ից թե՛ 2020-ին, թե՛ 2021-ին կրթության, բուժման  նպատակով զբոսաշրջիկ չի մեկնել։ (Տվյալներն արտացոլում են միայն զբոսաշրջային գործակալությունների կողմից հաշվառված զբոսաշրջիկների թվաքանակը:)

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Հ․Մ․