Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենսաթոշակային ֆոնդերի եկամուտների վերականգման հնարավորությունը մեծ է, քանի որ ակտիվները վաճառված չեն․ Իզաբելա Ադիլխանյան

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելա Ադիլխանյանն, անդրադառնալով ֆոնդի արդյունքներին, արձանագրեց, որ իրենց մոտ նվազումը եռամսյակի կտրվածքով կազմել է 4,9-9,2 տոկոս՝ կախված ֆոնդի տեսակից։ 

Նրա դիտարկմամբ նույնպես՝ բացասական արդյունքի պատճառներից գլխավորը դրամի արժևորումն է, քանի որ ֆոնդերն ունեն արտասահմանյան ներդրումներ, և այդ ներդրումները դրամով վերագնահատվելիս բացասական արդյունք են տալիս ֆոնդերին, ինչպես նաև՝ Կենտրոնական բանկի խիստ դրամավարկային քաղաքականությունը, որի պատճառով տոկոսադրույքները բարձրանում են, ինչը փոխադարձ համեմատական է պարտատոմսերի գներին և ազդում է ֆոնդերի բացասական եկամտաբերության վրա։
 
«Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ սա չիրացված վնաս է, քանի որ ֆոնդերը պահում են գործիքները, այսինքն՝ ակտիվները վաճառված չեն, և հնարավորություն կա գնի վերականգնելու հետ վերականգնել նաև եկամտաբերությունը»։ 

Հարցին՝ արդյոք սա կարո՞ղ է խուճապ առաջացնել, ի պատասխան՝ Ադիլխանյանը վստահեցրեց, որ կապիտալի շուկայի փորձը ցույց է տալիս, որ դրանք որոշակի ժամանակ հետո անպայման վերականգվում են, և ներկայիս իրավիճակի շտկման համար ևս կան բավարար նախադրյալներ․ «Մենք գտնվում ենք հերթական ճգնաժամային դժվար իրավիճակում,բայց բավականին երկարաժամկետ կտրվածքով, այսինքն՝ դեռ երկար ժամանակ ունենք թոշակառուների թոշակների անցնելուն, մեծ հնարավորություն կա եկամուտների վերականգնվելուն»,- նշեց Ադիլխանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։