Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դրամն արժեզրկվում է, ԿԲ-ն դոլար է վաճառելու․ տնտեսագետները համակարծիք չեն, որ ԿԲ-ն կկարողանա կայունացնել գնաճը

Դրամն արժեզրկվում է, ԿԲ-ն դոլար է վաճառելու․ տնտեսագետները համակարծիք չեն, որ ԿԲ-ն կկարողանա կայունացնել գնաճը
Տնտեսություն
18:33, 08 апрель 2021
Դոլարի նկատմամբ տևական ժամանակ պահպանվող ՀՀ դրամի արժեզրկումից հետո Կենտրոնական բանկը հայտարարեց, որ արտարժութային շուկայում գործառույթներ կիրականացնի, այսինքն դոլար կվաճառի։

Այս տեղեկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հրապարակել է իր Ֆեյսբուքի էջում, նաև գրառելով, որ  ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ միջազգային շուկաներում տարեսկզբից սկսած դոլար-եվրո զույգի էական տատանումներ են եղել, որոնց արտացոլումը մենք տեսնում ենք հայկական շուկայում, իսկ դրամն արժեզրկված է միայն դոլարի նկատմամբ․ «Եթե վերցնենք դրամի փոխարժեքը եվրոյի նկատմամբ կամ հակառակը՝ հունվարից մինչ օրս կայուն է մնացել,  դրամի փոխարժեքը կայուն է մնացել այլ արժույթների նկատմամբ ևս՝ օրինակ ռուսական ռուբլու, վրացական լարիի նկատմամբ։ Այսինքն արժեզրկման պարագայում մենք գործ ունենք միայն դրամ-դոլար զույգի հետ»,- ասաց նա։

Բագրատ Ասատրյանը հիշատակեց, որ դրամի արժեզրկման միտումները դեռևս անցած տարվանից են։ Նրա տեսանկյունից դրա հիմնական պատճառը՝ զուտ բարոյական, հոգեբանական է, այսինքն բնակչության բացասական սպասումները, իսկ տնտեսական, ֆինանսական գործոններ չկային այդ տատանումների համար։

«Երբ Կենտրոնական բանկը տեսնում է, որ դոլարի նկատմամբ պահանջարկն աճում է և դրամի արժեքն ընկնում է՝ երբեմն դոլար է վաճառում, որը իբրև կանոն տալիս է իր արդյունքները։ Իսկ տնտեսական վիճակը այդքան էլ կապ չունի փոխարժեքի հետ։ Հայաստանի տնտեսության մեջ այնպիսի բացասական տեղաշարժեր չեն եղել, որոնց անդրադարձը փոխարժեքի վրա պետք է դրսևորվեր, առավել ևս այս տարվա ընթացքում»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Նրա կարծիքով ԿԲ-ն տիրապետում է իրավիճակին և արդեն իսկ կայունացում է գնում, քանի որ այսօր առավոտյան մենք գործ ունեինք դրամի ավելի արժեզրկված առաջարկների հետ, քան այս պահին։ Եվ վաղն ավելի կայուն վիճակ կլինի շուկայում։ 

Ինչ վերաբերում է ներկայիս տնտեսական վիճակին՝ Բագրատ Ասատրյանը հիշատակեց, որ անցած տարվա ընթացքում մենք ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական անկում, իսկ այս տարվա ընթացքում՝ ըստ նրա դեռ չկան այն նախադրյալները, որ էական աճ կունենանք։   

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն էլ կարծում է, որ Կենտրոնական բանկը ստիպված է այդ քայլին գնում՝ քաղաքական ճնշումների հետևանքով։ Տնտեսագետի խոսքով դրամը արժեզրկման տանող հիմնական գործոնները խորանում են․ «Այդ գործոններից մեկը՝ համախառն ներքին արդյունքն ու տնտեսական ակտիվությունն է, որը շարունակում է անկում ունենալ և հունվար-փետրվարի վերջին տվյալներով 6,7 տոկոս դեռ անկում ունենք՝ 7,6 տոկոսի փոխարեն։ Երկրոդը՝ արժութային մուտքերի նվազումն է, որը պայմանավորված է նաև տրանսֆերներով՝ դրսից փոխանցումներ, և նաև արտահանումից սպասվող արժութային մուտքեր՝ այս երկու ուղղություններով էլ շարունակվում է անկումը»,- մեկնաբանեց տնտեսագետն ու հավելեց, որ հաջորդը գործոնը գնաճն է․ «4,5 տոկոս հունվարի սպառողական գների ինդեքսի աճը արդեն մարտին արրձանագրեց 5,8 տոկոս։ Եվ ամեն հաջորդ ամիս 2021թ․ գնաճը արձանագրվող բարձրանում է, եթե հունվար-փետրվարին 4,5 տոկոս էր, հետո դարձավ արդեն հունվար-մարտը 5,3 տոկոս»։

Թադևոս Ավետիսյանը դրամի արժեզրկման հիմքում տեսնում է նաև իր խոսքով մեր երկրում առկա ներքաղաքական անկայունությունը։ Նրա դիտարկմամբ այս հանգամանքն ուղիղ ազդում է ազգային արժույթի փոխարժեքի վրա․ «Քաղաքացիները՝ այդ թվում իրավաբանական անձինք խնայողությունները փորձում են պահել կայուն արժույթով, այսինքն ազատվել ազգային արժույթից, որն ունի տատանումների բարձր աստիճան»։ 

Տնտեսագետը համոզված է, որ Կենտրոնական բանկը փորձելու է մինչև ընտրություններ ազգային արժույթը կայունացնել, բայց դրանով իսկ ստեղծելու է հետագայում ավելի մեծ արժեզրկման ճնշումներ:
 
Նարա Մարտիրոսյան