Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻ նախարարն ու համաշխարհային բանկի պատվիրակությունը քննարկել են համատեղ ծրագրերում ներդրումային տարբերակները

ԱԻ նախարարն ու համաշխարհային բանկի պատվիրակությունը քննարկել են համատեղ ծրագրերում ներդրումային տարբերակները
Հասարակություն
13:57, 21 октябрь 2022
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:

Խումբը Հայաստան է ժամանել տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ:

ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՀԲ թիմի անդամները՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Թավաձվա Իրվին Դուբեինը, աղետների ռիսկի մասնագետ Կեիկո Սակոդայինն և քաղաքաշինության վերլուծաբան Նոռա Միրզոյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ա. Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել մինչև օրս բանկի կողմից և համատեղ իրականացված ծրագրերի համար: Գերատեսչության ղեկավարը համագործակցությունից առանձնացրել է հրշեջ-փրկարարական կայանների օպտիմալացման վերաբերյալ ՀԲ զեկույցը, որում մատնանշված են շենքային պայմանների բարելավման և տեխնիկական աջակցության ուղիները: Նախարար Փամբուխչյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բանկի կողմից իրականացվող ծրագրերին՝ դրանց արդյունավետ ընթացքն ապահովելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թավաձվա Իրվին Դուբեինն իր հերթին տեղեկացրել է, որ զեկույցում առաջարկվում է ներդրումների մի քանի տարբերակ՝ նախատեսված տարբեր ուղղվածությամբ ծրագրերի համար: Բացի այդ, առաջադրանքի թիմի ղեկավարը ներկայացրել է ԱԻՆ փրկարար և հրշեջ ծառայությունների ֆունկցիոնալ գնահատումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բնական աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված տեխնիկական աջակցությանը և քննարկել առաջարկներն իրացնելուն ուղղված հետագա քայլերը: