Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության նախարարությունը 2023 թ. նախատեսում է ՔԿՀ-ներում գտնվող դատապարտյալների 15 տոկոսին ապահովել աշխատանքով

Արդարադատության նախարարությունը 2023 թ. նախատեսում է ՔԿՀ-ներում գտնվող դատապարտյալների 15 տոկոսին ապահովել աշխատանքով
Հասարակություն
20:00, 02 ноябрь 2022
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվել են քննարկումները 2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը խորհրդարանին է ներկայացրել 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված արդարադատության նախարարության ծրագրերը։ Ըստ այդմ՝ ծրագրերի իրականացման նպատակով 2023 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 26 մլրդ 35 մլն 694 հազար դրամ։

2023 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացվելու են պետական բյուջեի 8 նախագծեր, այդ թվում՝ նախատեսվում է  քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների 15 տոկոսին ապահովել աշխատանքով:

Նախարարությունը շարունակելու է ապահովել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթություն ստանալու իրավունքը: Նախատեսվում է Պրոբացիայի ծառայությունը վերազինել էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով՝ ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով:

Նախարարությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում կշարունակի իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների շենքերի կառուցման և վերազինման աշխատանքները:

2023 թ. ընթացքում կիրականացվեն նաև ռազմավարություններից և նպատակներից բխող մի շարք այլ նախագծեր։