Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում 2023 թ. պետական բյուջեի ծրագրերը

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում 2023 թ. պետական բյուջեի ծրագրերը
Տնտեսություն
20:10, 08 июль 2022
Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել  29,9 մլրդ  դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար՝ 2,5 մլրդ դրամ. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը համապատասխան մասով քննարկելու ժամանակ: Քննարկումը եղել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում՝ Վահե Ղալումյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ:

2023 թ. պետական բյուջեի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել 12  ծրագիր:
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ 6 ծրագրի շրջանակում նախատեսվում է 2023 թ. պետական բյուջեով իրականացնել 30 միջոցառում. գյուղատնտեսության խթանման ծրագիր՝ 6, բուսաբուծության խթանման եւ բույսերի պաշտպանության՝ 3, գյուղական ենթակառուցվածքների վերականգնման եւ զարգացման՝ 4, անասնաբուժական ծառայություններ՝ 2, գյուղատնտեսության արդիականացման ծրագիր՝ 12, ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր՝ 3:

Նախարարության կողմից բյուջետային հայտով ներկայացված գյուղատնտեսության ոլորտում նոր նախաձեռնություններից ընդգրկվել է 1 միջոցառում, որն ուղղվելու  է «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն» միջոցառմանը:
Նախարարի խոսքով` դրական արդյունք  է գրանցել ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագիրը, եւ անհրաժեշտություն է առաջացել ավելացնել բյուջեն:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հետաքրքրվել է, թե որն է 3-15 մլն դրամ տրամադրվող վարկերի 2023 թ. հունվարի 1-ից պետության կողմից տոկոսների սուբսիդավորման դադարեցման պատճառը: Ըստ նախարարի՝ ավելի նպատակային ծրագրերի միջոցով հնարավոր կլինի հսկել արդյունավետությունը. դրանք վերակազմավորվում են այնպես, որպեսզի հնարավոր լինի հաշվել տվյալները՝ բարձր արդյունավետություն ունենալու նպատակով:

Պատգամավորները հետաքրքրվել են նաեւ խաղողի մթերմանը, անմշակ հողերին, թռչնաբուծության ներկրմանը վերաբերող հարցերով: