Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ քաղաքացիների կողմից Հայաստանում ձեռք բերված անշարժ գույքը 252-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին

ՌԴ քաղաքացիների կողմից Հայաստանում ձեռք բերված անշարժ գույքը 252-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին
Հասարակություն
18:20, 07 ноябрь 2022
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների կողմից Հայաստանում ձեռք բերված անշարժ գույքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին։ 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՌԴ քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 562 անշարժ գույք, իսկ 2022թ.-ին՝ 814, այսինքն՝ 252-ով ավելի, քան նախորդ տարի։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրել են Կադաստրի կոմիտեից՝ համաձայն մեր գրավոր հարցման։

Կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ՌԴ քաղաքացիներն այս տարի ամենամեծ թվով անշարժ գույք ձեռք են բերել Երևանում՝ թվով 455 անշարժ գույք, որոնց մեծ մասը բնակարաններ են բազմաբնակարան բնակելի շենքերում։ Իսկ Կոտայքի մարզն այդ առումով երկրորդ հորիզոնականում է՝ 100 անշարժ գույք է ձեռք բերվել։  Հաջորդը Շիրակի մարզն է, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները ձեռք են բերել թվով 59 անշարժ գույք, թե Տավուշում, թե Արմավիրում՝ 43 անշարժ գույք, և Լոռիում ու Արարատում՝ 31։ Ի թիվս այլ մարզերի՝ ՌԴ քաղաքացիներն այս տարի Սյունիքում ևս ձեռք են բերել անշարժ գույք՝ թվով 10-ը, գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Հայաստանի այն մարզը, որտեղ ամենաքիչն է ձեռք բերվել անշարժ գույք ՌԴ քաղաքացիների կողմից, Վայոց ձորն է՝ ընդամենը 5-ը։  

ՌԴ քաղաքացիների կողմից Հայաստանի մարզերում ձեռք բերված հողակտորների թիվը  կրկին գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին։ 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՌԴ քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 98 հողակտոր Հայաստանի տարբեր մարզերում, մինչդեռ այս տարվա նշված ժամանակահատվածում՝ 129 հողակտոր։ 


Նարա Մարտիրոսյան