Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
Հասարակություն
21:05, 03 февраль 2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է շրջափակման 54-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 2-ի դրությամբ։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ նշված է, որ 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է, 568 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

«Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ ավելի քան 21,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Ադրբեջանը 54 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։

5,528  երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։