Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում երկրաշարժից տունը կորցրած հայ ընտանիքներից մեկը վերադառնում է Հայաստան. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խոսնակ

Թուրքիայում երկրաշարժից տունը կորցրած հայ ընտանիքներից մեկը վերադառնում է Հայաստան. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խոսնակ
Հասարակություն
16:53, 13 февраль 2023
Այս պահի դրությամբ Թուրքիայից Հայաստան տեղափոխվող ընտանիք կա, որը տուժել է երկրաշարժից. կացարան չունեն՝ բնակարանն ամբողջությամբ ավերվել է, Civic.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը։

«Հիմա իրենց տեղափոխության հարցով ենք զբաղվում։ 3-հոգանոց ընտանիք է, իրենց տունը գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնում՝ Իսկենդերում»,- հավելեց նա ու նշեց, որ ընտանիքի կեցության ծախսերը Հայաստանում կհոգա Հայ ավետարանչական եկեղեցին։

Ավելի վաղ «Արմենպրեսի» հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ Թուրքիայում բնակվող Զամբախչյան ընտանիքը հրապարակավ դիմել էր ՀՀ կառավարությանը Հայաստան տեղափոխվելու համար: «Զամբախչյան ընտանիքի որդին ՀՀ քաղաքացի է, իսկ ծնողները չունեն ՀՀ քաղաքացիություն։ Նրանցից մեկը՝ Սիրիայի, մյուսը Թուրքիայի քաղաքացիներ են և այս պահի դրությամբ փաստաթղթեր չունեն»,- ասել էր նա։  

Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ ՀՀ այն քաղաքացիները, որոնք գտնվում են Թուրքիայում կամ  Սիրիայում և կորցրել են իրենց անձնագիրը, կամ վնասվել է այն՝ մեկ օրում կտրամադրվի փաստաթուղթ, և կարող են վերադառնալ Հայաստան. «Իսկ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող հայերը պետք է ունենան որոշակի փաստաթուղթ կամ հասնեն ՀՀ սահման, այսինքն՝ ելքի հնարավորություն ստանան Սիրիայից կամ Թուրքիայից, և Հայաստանում Սփյուռքի գրասենյակի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կփորձի իր գործընկերների հետ հոգալ կեցության ծախսերը կամ գտնել նրանց համար կեցության վայր»,- հավելել էր նա։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով ավերվել են հազարավոր շենքեր, կան 36.000-ից ավելի զոհեր և մոտ 90.000 վիրավորներ։ 

Նարա Մարտիրոսյան