Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄՊՀ-ն ուսումնասիրել է պրոթեզների և օրթեզների շուկաները

ՄՊՀ-ն ուսումնասիրել է պրոթեզների և օրթեզների շուկաները
Հասարակություն / Իրավունք
19:00, 13 февраль 2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ 
իրականացրել է ուսումնասիրություն աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ» և «Օրթեզներ» ապրանքային շուկաները:

Նախարարությունը հավաստագրերի հիման վրա տրամադրում է 92 անուն տարբեր  աջակցող միջոցներ։ Այս ուղղությամբ 2022 թվականին հատկացվել է շուրջ 2 միլիարդ դրամ: Առաջիկա տարիներին պլանավորվում է էլ ավելի մեծացնել ֆինանսավորումը: 
 
Բարձրացված խնդիրներ
  • Աջակցող միջոցների տրամադրումը նախկինում կազմակերպվում էր պետական գնումների շրջանակներում: Հավաստագրային համակարգի անցումից հետո շահառուին տրամադրվում է հավաստագիր, որով նա ոլորտում գործող ցանկացած կազմակերպությունից  կարող է ձեռք բերել իր աջակցող միջոցը։ Հավաստագրի հետ շահառուին հայտնում են միայն կազմակերպությունների կոնտակտային տվյալները, ինչը թույլ չի տալիս շահառուներին համեմատական վերլուծության միջոցով կազմակերպությունների միջև ողջամիտ ընտրություն կատարել։
  • Նշվածի արդյունքում պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. առկա է կենտրոնացվածության բարձր մակարդակ:
  • Ոլորտում գործունեություն ծավալողներն իրենց գործունեության համար ամենախնդրահարույցը համարում են մասնագետների պակասը:
 
Հանձնաժողովի կողմից մշակված առաջարկներ 
  • Շահառուի կողմից աջակցող միջոցը ստանալու համար էլեկտրոնային հարթակի գործարկում, որը պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրի կոնկրետ աջակցող միջոցի արտադրական գործընթացի և որակական հատկանիշների, ծագման երկրի, ինչպես նաև գնի վերաբերյալ:  Միաժամանակ շահառուն հնարավորություն կունենա հավաստագրի գնից ավելի ցածր գնով աջակցող միջոց ձեռք բերելու դեպքում գումարի մնացորդը պահպանել օգտագործման ամբողջ ժամանակահատվածի համար՝ ուղղելով այն, օրինակ, վերանորոգման ծառայությունների ձեռքբերմանը:
Հավաստագրերի գնային արժեքի որոշման նոր համակարգի ներդրում, որի մեջ ներգրավված կլինեն ՄՊՀ-ն և ՊԵԿ-ը՝ կազմակերպությունների գնառաջարկների տնտեսական իմաստով արդարացվածությունը և իրատեսականությունը դիտարկելու համար: