Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կսահմանվի նոր պատժատեսակ՝ տնային կալանք. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Կսահմանվի նոր պատժատեսակ՝ տնային կալանք. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Հասարակություն
13:21, 05 май 2021
ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ընդարձակվում է ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը:

Նախագծով սահմանում է ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը (տնային կալանք), որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ: Նախագծերի փաթեթը կազմվել է այնպես, որ պատիժների համակարգում ազատազրկումը դիտվի որպես ծայրահեղ միջոց:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խորհրդարանի կողմից ընդունված այս նախագծին, առանձնացրել է նախագծի փաթեթով առաջարկվող փոփոխությունների մի շարք կարևոր կետեր: Մասնավորապես՝ նախարարը նշել է, որ նախագծով կատարելագործվել են ներկայում գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը:

Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: Ներդրվել են կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, համագործակցության վարույթը (վերջինս ավելի շուտ ուժի մեջ կմտնի՝ ապահովելով հնարավորինս շուտ նշված գործիքի կիրառումը): Կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները:
Քրեական օրենսգրքի նախագծին կցվել էր նաև գործող քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերը, որոնցով ներդրվելու են համաձայնեցման և համագործակցության վարույթները: Այս վարույթներով հնարավորություն է տրվում ընդունել մեղքը և բանակցել նշանակվող պատժի, հանցավոր ծագում ունեցող գույքի վերադարձի հետ կապված հարցերի շուրջ, բացահայտել հանցագործությունները և դրա փոխարեն ակնկալել մեղմ պատիժ, խնայել մի դեպքում նախաքննական մարմնի, մյուս դեպքում՝ դատարանի ռեսուրսները, նպաստել նրանց ծանրաբեռնվածության նվազմանը: