Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը կունենա նորակառույց շենք․ Գեղարքունիքի մարզպետ

Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը կունենա նորակառույց շենք․ Գեղարքունիքի մարզպետ
Հասարակություն
13:39, 27 февраль 2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․

Փետրվարի 24-ին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղա Ճամբարակի թիվ 1 հիմնական եւ ավագ դպրոցներում։ 

Այցի հիմնական նպատակն էր` դպրոցի տնօրինության եւ մանկավարժական կոլեկտիվի հետ քննարկել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը ժամանակավորապես մեկ այլ շենք տեղափոխելու եւ դասապրոցեսն ընտրված տարածքում կազմակերպելու խնդիրը` կապված վթարային վիճակում գտնվող դպրոցական հին շենքի քանդման եւ նոր շենքի կառուցման գործընթացի հետ։

Դպրոցական նոր շենքը կառուցվելու է հին շենքի տեղում, 450 աշակերտական տեղով։ Շինարարությունն իրականացվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, 1 միլիարդ 870 միլիոն դրամ արժեքով։

Նորակառույց դպրոցը կունենա յոթ մասնաշենք եւ արդի չափորոշիչներին համապատասխան պայմաններ։ Ձեռք կբերվի նոր գույք։ 
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում։ 

Հարցը քննարկելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ` նպատակահարմար ենք գտել 2023 թվականի մարտի կեսերից Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի դասապրոցեսը կազմակերպել Ճամբարակի ավագ դպրոցի շենքում` մինչեւ դպրոցական նոր շենքի շահագործումը: 

Դասապրոցեսի լիարժեք կազմակերպման համար Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները։ 

Աշխատանքային այցի ավարտին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի եւ համայնքապետարանի աշխատակիցների հետ քննարկեցինք համայնքային կյանքում առաջնահերթ լուծում պահանջող այլ հարցեր։