Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաժեշտ խարխլված շենքին․ հիմնովին վերակառուցվում է Գեղհովիտի դպրոցը

Հրաժեշտ խարխլված շենքին․ հիմնովին վերակառուցվում է Գեղհովիտի դպրոցը
Հասարակություն
18:43, 02 июль 2021
Վերակառուցվում է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի թիվ 2 հիմնական դպրոցը։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայտնում է, որ շենքը կառուցվել է նախորդ դարի հիսունական թվականներին և գտնվում էր ծայրահեղ վթարային վիճակում։

Դասապրոցեսի իրականացումն այս պայմաններում տարեցտարի դառնում էր առավել վտանգավոր։ Խարխլվել էին կառույցի հիմքերը, տասնամյակներ շարունակ չէին իրականացվել վերանորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով դասասենյակների հատակը, պատերն ամբողջությամբ շարքից դուրս էին եկել։ Միակ լուծումը շենքի քանդումն ու նոր դպրոցի կառուցումն էր։

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Դպրոցների սեյմսիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի` 1 միլիարդ 411 միլիոն դրամ ներդրմամբ արդեն սկսվել են դպրոցի նոր շենքի վերակառուցման աշխատանքները։ Արդեն քանդվել է հին շենքը, այժմ իրականացվում են հողային աշխատանքներ։ Նորակառույց դպրոցը կծառայի շուրջ 600 աշակերտի, կունենա ժամանակակից դասասենյակներ, հարմարավետ սպորտդահլիճ, հանդիսությունների սրահ, վերելակ, լիարժեք հարմարեցված կլինի ներառական կրթության համար։