Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազմից հետո 23.000 գլուխ կենդանի անկել կամ հատել է Ադրբեջանի սահմանը. պետության կողմից անասունների հաշվառման գործընթացը լայն թափ է ստացել

44-օրյա պատերազմից հետո 23.000 գլուխ կենդանի անկել կամ հատել է Ադրբեջանի սահմանը. պետության կողմից անասունների հաշվառման գործընթացը լայն թափ է ստացել
Հասարակություն
18:20, 28 февраль 2023
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 23.000 գլուխ կենդանի անկել կամ հատել է Ադրբեջանի սահմանը։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ից։

ՊՈԱԿ-ից հայտնել են նաև, որ ներկայումս լայն թափ է ստացել պետության կողմից խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառման ու համարակալման գործընթացը: «Համարակալումը պարունակում է QR կոդ, որը տալիս է տեղեկատվություն կենդանու առողջության, պատվաստումների մասին, ինչպես նաև վերահսկվում են ԽԵԿ-ի ծնունդը, սպանդը, անկումն ու շարժը։ Տեղեկատվությունը զետեղվում է «ԱնիՊաս» առցանց համակարգում»,- նշել են Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ից ու հավելել. «Հայաստանում կա 565 անասնաբույժ, որից 400-ը ներկայումս ներգրավված է գյուղատնտեսական կենդանիների համարակալման գործընթացում։ ՀՀ-ում 1 անասնաբույժը սպասարկում է 1-2 համայնք»։

Նշենք, որ Հայաստանում ԽԵԿ-երի մոտ 70%-ը համարակալվել է։

Հայաստանում ֆերմերների շրջանակում տևական ժամանակ է մեծ պահանջարկ է ստացել խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի արհեստական սերմնավորումը։ 

Անասնաբույժ Էդուարդ Լալայանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ արհեստական սերմնավորումն օգնում է բարձրորակ սերունդ ստանալ. «Արհեստական սերմնավորմամբ ունենում ենք մսային ցեղեր, բարձր կաթնային ցեղեր, ինչպես նաև մսակաթնային ու մսայուղային ցեղեր։ Հիմա մեր ժողովրդի մոտ անասունները խառնածին են, որովհետև մոտ արյունական խաչասերում է լինում և գենետիկայի վրա ազդում է՝ անասունները նվազում են, մթերատվությունից ու կաթնատվությունից ընկնում են։ Սովետական ժամանակներից հետո, երբ անկախացանք, գյուղերի ֆերմաները բաժանվեցին ժողովրդի մեջ, որի հիման վրա, ճիշտ է, ժողովուրդն անասուններ ունեցավ, բայց ճիշտ չպահելու հետևանքով 20 տարի անց անասունները մթերատվությունից ու կաթնատվությունից ընկան։  Գյուղացին կովը պահում է, այդ կովից սերունդ է առաջանում՝ ցուլիկը խաչասերում է ամբողջ հոտը, հաջորդ տարին իր սերնդին նորից խաչասերում է, հետո իր սերունդը խաչասերում է իր քույրերին։ Իսկ արհեստական սերմնավորման դեպքում կարողանում ես որակականությունը պահել»։ 

Անասնաբույժի խոսքով՝ արհեստական սերմնավորումը նպաստում է նաև բրուցելոզի կանխմանը։ Նշենք, որ թեպետ արհեստական սերմնավորմամբ անասուններից մարդկանց փոխանցվող բրուցելոզ տեսակի հիվանդությունը հնարավոր է կանխել, սակայն անասնաբույժը շեշտում է՝ բրուցելոզով վարակված անասունի միսը ջերմային մշակումից հետո անվնաս է՝ ենթակա է օգտագործման. «100 աստիճանի եռացման դեպքում է վերանում, ինչպես նաև աղաջրի մեջ 60 օր պահելու դեպքում»։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ԽԵԿ-երի սերմերը բերում են արտերկրների գենետիկական կենտրոններից, իսկ խոզերի սերմերն ստանում են Հայաստանում՝ պահելով դրսից ներկրված վարազներին։

Էդուարդ Լալայանը վստահեցնում է՝ արհեստական սերմնավորումը թանկ հաճույք չէ, կարելի է մի քանի անգամ սերմնավորել անասունին՝ կախված կենդանու ծնելիության կարողությունից։   

Հարցին՝ արդյոք վնաս չէ՞ անասունի առողջությանը, երբ զրկում են նրան բնական խաչասերվելու հնարավորությունից և պարբերաբար արհեստական սերմնավորում իրականացնում, անասնաբույժը պատասխանեց. «Ոչ մի ձև չենք վնասում»։ 

Էդուարդ Լալայանը, համեմատելով սովետական ժամանակաշրջանի ֆերմաների և այժմյան՝ խելացի անասնաֆերմաների ջերմաստիճանը, նշեց, որ ԽԵԿ-երին պահելու համար սովետական ժամանակաշրջանում նորմալ էր համարվում +15-ից +25С-ը, սակայն եթե փոքրուց սովորեցնում են ցրտին՝ անասունները կարող են 0-ից բավական ցածրի դեպքում էլ իրենց լավ զգալ։ 

Նարա Մարտիրոսյան