Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ագրովերամշակման ոլորտի որոշ վարկառուների վարկերը տրամադրվել են 12,9-13,5 անվանական տոկոսադրույքով, մինչդեռ այն պետք է տրվի առավելագույնը 12 տոկոսով. Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2020-21 թվականների պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։ 

Նա նշեց, որ գյուղատնտեսության խթանման ծրագրի մասով ուսումնասիրվել է երկու միջոցառում՝ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում։

Ներկայացնելով համառոտ արդյունքները՝ Հակոբ Միհրանյանն ասաց, որ   2021 թվականի վեց ամիսների ընթացքում վարկերի սուբսիդավորումների գծով ծախսը կազմել է շուրջ 3,4 միլիարդ դրամ, հումքի մթերումների գծով ուսումնասիրվել են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված 2021 թվականի թվով երկու՝ «Միլկաթ» և «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ների միջև համապատասխանաբար 40 և 150 միլիոն դրամի վարկային պայմանագրերը։

«Հաշվեքննության «Միլկաթ» և «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ների վարկի տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ Ձև 1-ը, համեմատվել է համայնքապետարանի կողմից տարածաշրջանը սպասարկող անասնաբույժի կողմից տրված տեղեկությունների հետ։ Արդյունքում պարզվել է, որ ներկայացված տեղեկատվության մեջ առկա են վարկառուի կողմից ներկայացված վարկի ստացման համար հիմք հանդիսացող տեղեկատվության Ձև 1-ի և ֆերմերներին պատկանող փաստացի կենդանիների գլխաքանակների միջև անհամապատասխանություններ։ Օրինակ՝ Ձև 1-ում ներկայացվել է, որ մթերք վաճառող ֆերմերն ունի 80 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և պետք է մթերեր 62 հազար լիտր կաթ, սակայն հաշվեքննությամբ պարզվել է, որ նշված ֆերմերը ընդհանրապես տվյալ համայնքում պահվող ոչ մի խոշոր եղջերավոր կենդանի չունի։ Կամ մեկ այլ դեպքում Ձև 1-ում ներկայացվել է, որ մթերք  վաճառող ֆերմերն ունի 70 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և պետք է մթերեր 30 000 լիտր կաթ, սակայն հաշվետվությամբ պարզվել է, որ նշված ֆերմերն ունի ընդամենը 8 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի»,- ասաց Հակոբ Միհրանյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ ագրովերամշակման ոլորտին տրամադրված վարկերի տոկոսադրույքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ թվով 15 վարկառուների վարկերը տրամադրվել են 12,9-ից մինչև 13,5 անվանական տոկոսադրույքով, մինչդեռ, ՀՀ կառավարության որոշմամբ, այն պետք է տրվի առավելագույնը 12 տոկոսով։

Հակոբ Միհրանյանը նաև տեղեկացրեց, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գծով  ընտրանքային կարգով ուսումնասիրվել է 18 վարկառուի փաթեթ, և հաշվեքննությամբ պարզվել է, որ վարկառուները ստացված վարկերն օգտագործում են հիմնականում գյուղատնտեսության մեջ, սակայն վարկի ձևակերպման ժամանակ վարկի օգտագործման ընտրված ոլորտը հետագայում որոշ դեպքերում չի համապատասխանել փաստացի կատարված աշխատանքների ուղղություններին։  

«Այսպիսով, Գեղարքունիքի մարզի հաշվառված բնակչի կողմից խառը անասնապահության մեջ ներդնելու նպատակով բանկից ստացել է 4 միլիոն դրամի վարկ, իր կողմից հաստատված փաստաթղթի համաձայն՝  օգտագործել է սպանդանոցի կառուցման և անասնագոմի վերանորոգման համար։ Մեկ այլ դեպքով՝ քաղաքացու կողմից խոշոր եղջերավոր կենդանիների բուծման համար ստացված 4 միլիոն դրամ վարկն օգտագործվել է պահեստ գնելու համար և այլն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում գրանցված անհատ ձեռներեցը խոշոր եղջերավոր կենդանիների բուծման նպատակով ստացած 3,1 միլիոն դրամ վարկով, ըստ իր կողմից ներկայացված պարզաբանման, գնել է խոշոր եղջերավոր կենդանի, սակայն նշված կենդանիները հաշվառված չեն համայնքապետարանի գրանցամատյաններում, և անասնաբույժների կողմից որևէ կանխարգելիչ միջոցառում չի իրականացվել»,- ասաց Հակոբ Միհրանյանը։