Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները նախատեսված խնայողություններից պարգևատրվել են 121 միլիոն դրամի չափով, ինչը հակասում է նախարարի հրամանին. Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ներկայացվեց Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։

 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը:

Ներկայացնելով նախարարության պարգևավճարների ուսումնասիրության արդյունքները՝ Հակոբ Միհրանյանն ասաց, որ նախարարության աշխատակիցները նախատեսված խնայողություններից 2021 թվականի վեց ամիսների ընթացքում  աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 41 11 տնտեսագիտական հոդվածով պարգևատրվել են շուրջ 121 միլիոն դրամ գումարի չափով։

«Նշված խնայողություններն առաջացել են 2021 թվականի վեց ամիսների ընթացքում նախարարության հաստիքացուցակով հաստատված թափուր պաշտոնները չհամալրելու արդյունքում։ Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածով նախատեսված խնայողություններից պարգևատրելը հակասում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի համար 5 հրամանի հավելված 16-ի պահանջներին»,- ասաց Հակոբ Միհրանյանը։ 

Նա նաև նշեց, որ պետական  պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսական միջոցներից պետական ծառայողը պարգևատրվում է հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի կատարման համար՝ իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով, անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ ՀՀ օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի հայեցողությամբ, սակայն աշխատակիցների որակյալ աշխատանքների կամ հատուկ առաջադրանքներ կատարելու վերաբերյալ հիմնավորումները բացակայում են։