Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դաբաղ» պատվաստանյութի գնման մասով գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն, իսկ ՊԵԿ-ից չեն տրամադրել «ծաղիկ» պատվաստանյութի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը․ հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ներկայացվեց Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը։ Եզրակացության մեջ փաստերը ներկայացված են ըստ ծրագրերի։

Նա նշեց, որ գյուղացիական կենդանիների պատվաստում ծրագրի շրջանակներում 2021 թվականի վեց ամիսների ընթացքում ձեռք բերված առողջապահական և լաբորատոր նյութերի վերաբերյալ ծրագրի շրջանակներում նախարարության կողմից ձեռք է բերվել ութ անվանում առողջապահական և լաբորատոր նյութեր՝ 367 միլիոն դրամ արժողությամբ, որից «դաբաղ» և «ծաղիկ» հիվանդությունների դեմ պատվաստանյութերը՝ 327 միլիոն դրամ, հետևաբար հաշվեքննությամբ առավելապես ընդգրկվել է «դաբաղ» և «ծաղիկ» պատվաստանյութերի գործընթացների ուսումնասիրությունը։   

«Արդյունքում 2021 թվականին ձեռք բերված «դաբաղ» պատվաստանյութը 2020 թվականի համեմատ ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 34 միլիոն դրամ ավելի թանկ գնով։ Հաշվեքննությամբ պարզվել է, որ միջնորդ կազմակերպությունը՝ «Ինովատոր» ՍՊԸ-ն, «դաբաղ» պատվաստանյութը ձեռք է բերել ՌԴ Շոլկովոյե կոմբինատից, վերջինս հանդիսանում է պատվաստանյութի արտադրողը, որի համար վճարվել է  190 միլիոն դրամ, կամ նախարարությանը հանձնված նույն պատավաստանյութի միավորի գնի և «Ինովատոր» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերման գնի տարբերությունը կազմում է 20,94 դրամ։ Ընդհանուր քանակի համար տարբերությունը կազմում է 63 միլիոն դրամ, որից ավելացված արժեքի հարկը՝ 10,5 միլիոն դրամ։  Լրացուցիչ կարող եմ հայտնել, որ «դաբաղ» պատվաստանյութի գնման մասով  21 թվականի 9 ամիսների հաշվեքննության շրջանակներում գործն առանձնացվել և ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասաց Հակոբ Միհրանյանը։ 

Նա նշեց, որ «ծաղիկ» պատվաստանյութի վերաբերյալ հաշվեքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել  անասնաբուժական ծառայությունների  ծրագրի շրջանակներում արտաքին հաստատման ընթացակարգով ՊԵԿ-ից տեղեկատվություն ստանալու մատակարարված «ծաղիկ» պատվաստանյութի վերաբերյալ՝ կապված արտադրող կազմակերպության և գնման  գների հետ, սակայն հարցմանն ի պատասխան Հաշվեքննիչ պալատին պահանջվող տեղեկատվությունը չի տրամադրվել՝ մեկնաբանվել է, որ այն հարկային գաղտնիք է համարվում։ Մինչդեռ Միհրանյանի խոսքով՝ համարժեք տեղեկատվությունը «դաբաղ» պատվաստանյութի մասով տրամադրվել է։   

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման և ախտորոշման  միջոցառումները իրականացվում են գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից, իսկ նմուշների լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների «Կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Նշված ՊՈԱԿ-ների կողմից հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացված արդյունքային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություններում առկա են անհամապատասխանություններ՝ կապված քանակային ցուցանիշների հետ։  Բրուցելոզի լաբորատոր փորձաքննությունները 9477 հատով ավելի են, քան  ախտորոշման գծով ներկայացաված նմուշառումները, որը գումարային արտահայտությամբ կազմում է 3 միլիոն դրամ»,-ասաց Միհրանյանը։