Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սփյուռքի գործերի հանձնակատարն ու հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը կգործուղվեն Սիրիա և Լիբանան

Սփյուռքի գործերի հանձնակատարն ու հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը կգործուղվեն  Սիրիա և Լիբանան
Հասարակություն
19:00, 28 февраль 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանն ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը  ՀՀ վարչապետի որոշմամբ 2023 թվականի մարտի 7-11-ը ներառյալ կգործուղվեն  Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ՝ մարտի 7-ին, մարտի 9-11-ը) և Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս՝ մարտի 7-8-ը, Հալեպ՝ մարտի 8-9-ը, Քեսաբ՝ մարտի 9-ին)։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։  Գործուղման նպատակը  երկրաշարժից տուժած հայկական համայնքների և հաստատությունների խնդիրների և կարիքների վերհանումն է։

Նշենք, որ փետրվարի 23-ին Սիրիա էր մեկնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։ 

Սիրիայում, ըստ պաշտոնական Դամասկոսի և ՄԱԿ-ի տվյալների, երկրաշարժից զոհվել է ավելի քան 5 հազար 800 բնակիչ, որոնց թվում՝ առնվազն 4 հայազգի։   

Նշենք, որ սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920թթ.՝ Հայոց ցեղասպանության հետևանքով: Մինչ 2011թ.՝ սիրիական պատերազմի սկիզբը, տարբեր տվյալներով Սիրիայում բնակվում էր շուրջ 100.000 հայ, որի մեծ մասը կենտրոնացած էր Հալեպում (շուրջ 60.000), մնացյալը՝ Դամասկոսում (շուրջ 6-7.000), Լաթաքիայում, Քեսաբում, Կամիշլիում, Հոմսում, Ռաքքայում, Հասաքեում, Դեյր Զորում և այլ շրջաններում (ավելի քան 30.000): Սիրիական պատերազմի հետևանքով 60.000-ից ավելի հայ հեռացել է Սիրիայից։ Սիրիայում այսօր ապրում են շուրջ 30.000 հայեր, որոնց մեծ մասը՝ Հալեպում: