Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաքսազերծման և այլ խնդիրների պատճառով «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները Երևանում երթուղի դուրս կգան մայիս-հունիս ամիսներին․ քաղաքապետարանի պարզաբանումը

Մաքսազերծման և այլ խնդիրների պատճառով «Zhong Tong» և «MAN» ավտոբուսները Երևանում երթուղի դուրս կգան մայիս-հունիս ամիսներին․ քաղաքապետարանի պարզաբանումը
Հասարակություն
13:13, 02 март 2023
Չնայած Երևանի ավտոբուսային պարկը վերջին տարիներին պարբերաբար թարմացվում է, տրանսպորտի խնդիրը շարունակում է քաղաքի մի շարք բնակավայրերում օրհասական մնալ։ 

Civic.am-ը քաղաքացիներից հարցադրումներ է ստացել, թե ինչու դեռ չեն շահագործվել Երևանի նոր, 12 մետրանոց MAN ավտոբուսները, որոնք, ըստ քաղաքապետարանի, պետք է երթուղի դուրս եկած լինեին այս տարվա մարտի 1-ից։ 
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ MAN ավտոբուսները, ամենայն հավանականությամբ, մայիս-հունիս ամիսներին երթուղի դուրս կգան՝ հավելելով, որ «Ժոնգ Թոնգ-երը երթուղի կմտնեն ապրիլի 1-ից»։

Քաղաքապետարանի տրանպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը մեր հարցադրմանը, թե ինչո՞ւ է հետաձգվել նոր ավտոբուսների շահագործումը՝ պատասխանեց, որ տեխնիկական խնդիրներ կան ավտոբուսների մաքսազերծման հետ կապված․ «Հիմա դրանց լուծումները ընթացքի մեջ են։ Հարցերը կլուծվեն, համարները կհանենք, մրցույթները կհայտարարվեն և ավտոբուսները կսկսեն շահագործվել»։

Հարցին՝ ի վերջո, դրանք ե՞րբ դուրս կգան երթուղի, Սարգսյանը պատասխանեց․ «Նախատեսված է՝ հնարավորինս արագ, որ այդ ամենը լուծումներ ստանա, և դուրս գան երթուղիներ»։

Հիշեցնենք, որ հունվար ամսին Երևան էին ժամանել «Zhong Tong» մակնիշի 120 և «MAN» մակնիշի 36 ավտոբուս։ Այս մասին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։