Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժաննա Անդրեասյանը հերքում է նախկին նախարարին՝ Բրյուսովի, Մանկավարժականի ու Ֆիզկուլտինստիտուտի միավորում չի նախատեսվում

Ժաննա Անդրեասյանը հերքում է նախկին նախարարին՝ Բրյուսովի, Մանկավարժականի ու Ֆիզկուլտինստիտուտի միավորում չի նախատեսվում
Հասարակություն
15:52, 16 март 2023
ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը դեռևս իր պաշտոնավարման օրոք՝ 2022թ. հոկտեմբերին, ի պատասխան Civic.am-ի հարցերի հաստատել էր, որ շրջանառվում է երեք բուհերի՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Մանկավարժական համալսարանի ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի միավորման որոշումը։ Վահրամ Դումանյանը նույնիսկ ընդգծել էր, որ երեք բուհերի միավորմամբ՝ խոշորացմամբ, ընդամենը 2 ռեկտոր պակաս կունենան։ Սակայն 5 ամիս անց՝ այսօր՝ մարտի 16-ին, ԿԳՄՍ նախկին փոխնախարար, ներկայումս նախարար Ժաննա Անդրեասյանը Civic.amհարցին, թե ե՞րբ եք նախատեսել երեք բուհերի միավորումը, արձագանքեց. «Իսկ ո՞վ Ձեզ ասաց, որ մենք նման բան ենք նախատեսել»։  Մինչդեռ այս հարցը քննարկվում էր դեռևս 2022թ. օգոստոսից, երբ Վահրամ Դումանյանը հանդիպել էր երեք բուհերի ռեկտորների հետ և տեղեկացրել այդ գաղափարի հավանական իրականացման մասին։ Իսկ 2022թ. հոկտեմբերի 14-ին Բրյուսովի անվան պետական համալսարանում գիտխորհրդի նիստ էր հրավիրվել բուհերի խոշորացման և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկման համար։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր խոսելով բուհերի խոշորացումից՝ նշեց, որ դա ամրագրված է կրթության զարգացման պետական ծրագրով, որը գործող օրենք է, բայց հիմա կոնկրետ բուհերի հարցեր չեն քննարկում: «Քննարկում ենք ենթակառուցվածքների արդիականացման և տարբեր ուղղությունների որոշման հարցը։ Կրթության զարգացման ծրագրով պետք է ունենանք մինչև 8 բուհ, բնականաբար պետք է լինի բուհերի խոշորացում, բայց թե ո՞ր բուհերը, ի՞նչ տրամաբանության մեջ կխոշորանան՝ դա առանձին գործընթաց է, որի մասով մենք կոնկրետություն չունենք»,- հավելեց ԿԳՄՍ նախարարը։  

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսովի անվան պետական համալսարանում դասադուլ էր՝ ուսանողներն իրենց բողոքն էին ներկայացնում ԿԳՄՍ նախարարի որոշման շուրջ, ըստ որի՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

Ուսանողները պնդում էին, թե ԿԳՄՍ նախարարությունը ռեկտորի իր նախընտրած թեկնածուին է բերել բուհը լուծարելու համար։ Նրանք լուծարել ասվածի տակ հիմնականում նկատի ունեին իրենց բուհի՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի միավորումը։  

Ինչ վերաբերում է բուհի ուղիղ իմաստով լուծարմանը՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը ևս վստահեցրել է, որ դա իր ձեռքով հնարավոր չէ անել։  Այս խոսքերը նա ասել է, երբ նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին էր ներկայացնում իրեն՝ որպես բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ 

Նարա Մարտիրոսյան