Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպանություն՝ «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում. 41-ամյա տղամարդ է մահացել․ Shamshyan.com

Սպանություն՝ «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում. 41-ամյա տղամարդ է մահացել․ Shamshyan.com
Հասարակություն
10:56, 16 июнь 2021
Երեկ՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, արյունահոսություն, հեմոռագիկ շոկ՝ չորրորդ աստիճան, զարկերակային ճնշումը՝ չորոշվող, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վիրահատարանում. վիրասեղանի վրա մահացել է։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սուրեն Դավթյանն էր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա մահացու մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում, որտեղ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դանակ (ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ դա հանցագործության գործիքը լինի), արնանման հետքեր, հագուստ, գարեջրի բացած շշեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: