Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է Գևորգ Պետրոսյանը զրկվել ԵՊՀ-ում դասախոսելու հնարավորությունից

Ինչո՞ւ է Գևորգ Պետրոսյանը զրկվել ԵՊՀ-ում դասախոսելու հնարավորությունից
Հասարակություն
17:05, 17 июль 2023
Յոթերորդ գումարման Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» քվոտայով  պատգամավոր ընտրված Գևորգ Պետրոսյանը այսօր հայտնել է, թե այլևս չի հանդիսանում ԵՀՊ դասախոս։ 

«Այսօր ինձ հայտնի դարձավ, որ ԵՊՀ-ում այլևս ժամեր չունեմ։
Աշխատանքային իրավունքի գծով երկրում միակ դոցենտը լինելով՝ առանց պատճառի զրկվեցի աշխատանքից»,- գրել է նախկին պատգամավորը։

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը Civic.am-ին հայտնեց, որ Գևորգ Պետրոսյանը ԵՊՀ-ում դասախոս աշխատել է ժամավճարային հիմունքով:

Անցած ուսումնական տարվա սկզբին նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Ժամկետը լրանալուց առաջ՝ հունիսի 19-ին, այդ մասին, ըստ խոսնակի, Պետրոսյանի  համալսարանական էլ․հասցեին ուղարկվել է պատշաճ ծանուցում։ Դրանից հետո՝ հունիսի 30-ին, լուծվել է նրա հետ կնքված որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը։

«Ինչ վերաբերում է նոր ուսումնական տարում նրան ժամեր չհատկացնելու հարցին, ապա անհրաժեշտ է պարզաբանել, որ ժամավճարային հիմունքով դասախոսներին հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են գալիս ամբիոնները, իսկ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնը մինչ այս պահը նման առաջարկ չի ներկայացրել»,- ասված է ԵՊՀ պարզաբանման մեջ։

Վովա Հակոբյան