Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը չգնահատեց Գևորգ Պետրոսյանին․ վերջինս նրան անվճռական ու անդեմ ընդդիմություն է անվանում ու դուրս է գալիս քաղաքականությունից

Քոչարյանը չգնահատեց Գևորգ Պետրոսյանին․ վերջինս նրան անվճռական ու անդեմ ընդդիմություն է անվանում ու դուրս է գալիս քաղաքականությունից
Քաղաքականություն
19:28, 19 май 2021
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը հատուկ գնում էր «Հայելի» ակումբ և այդ ամբիոնից հայտարարում, թե «երկիրն այս վիճակից կարող է դուրս բերել միայն Քոչարյանը», ինքն ընտրելու է Քոչարյանին, ավելին՝ պատրաստ է ընտրությունների գնալ նրա հետ, այսօր ազդարարել է քաղաքականությունից իր դուրս գալու մասին։ 

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե hաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, այլևս նպատակահարմար չի համարում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել և Ազգային ժողովի 7-րդ գումարման լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու է քաղաքական իր գործունեությունը։

Հատկանշական է, որ Գևորգ Պետրոսյանը այս տարվա փետրվարին դուրս էր եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, պատճառաբանելով, որ կուսակցությունը հստակ քաղաքական գնահատականներ չի տալիս երկրում տիրող իրավիճակին, իսկ իր գնահատականները հարուցում են իր առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը։ 

«Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը: Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գևորգ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Պետրոսյանը ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կազմակերպած առաջին հանրահավաքին՝ հարթակի ներքևից հետևելով ելույթներին։ 

Հարց է առաջանում, թե ինչու՞ է Գևորգ Պետրոսյանը քաղաքականությամբ չզբաղվելու մասին հայտարարում հենց հիմա։ Եթե պատճառը ընդդիմության անդեմ լինելն էր, ապա ինչու՞ էր գնում Քոչարյանի հրավիրած հանրահավաքին և ի՞նչ էր ակնկալում Պետրոսյանը ընդդիմությունից։ 

Արդյո՞ք քաղաքականությունից դուրս գալը պայմանավորված է այն հանգամանքով, որ Պետրոսյանը ակնկալիքներ է ունեցել հայտնվել Քոչարյանի գլխավորած դաշինքում և մերժում է ստացել։ Եթե դա այդպես է՝ ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը «քցեց» Գևորգ Պետրոսյանին։ 

Վովա Հակոբյան