Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև երեխան տուն չգա՝ ծնողի համար ոչ մի բավարարող հանգամանք չկա․ գերեվարված Մելս Ամբարդանյանի եղբայր․ Տեսանյութ

Ադրբեջանում գերեվարված Մելս Ամբարդանյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդանյանը, հունիսի 23-ի ուշ երեկոյան հայտարարություն տարածեց, որ գերեվարված մյուս տղաների ծնողների հետ ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում են Ադրբեջանի դիմաց պահանջ դնել․ «անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների»։

Նա նաև նշել էր, որ անժամկետ նստացույց են սկսում։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Տիգրան Ամբարդանյանը նշեց, որ Կարմիր խաչի միջնորդությամբ մոտ 2 ամիսը մեկ կարողանում են կապ հաստատել իրենց հարազատների հետ։

«Վերջին անգամ 20 օր առաջ ենք տեսաուղերձ ստացել՝ Կարմիր խաչի միջոցով»,- նշեց նա։

Ի պատասխան այն հարցին, որ կառավարությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում գերեվարված անձանց հարազատների հետ և արդյո՞ք չի բավարարում կառավարության հավաստիացումները՝ գերեվարված անձանց վերադարձը կազմակերպելու աշխատանքների վերաբերյալ, Ամբարդանյանը հայտնեց․ «Դրանք փակ հանդիպումներ են, մանրամասներ չեմ կարող ասել, համենայն դեպս, ծնողի համար, մինչև իր երեխան տուն չգա՝ ոչ մի բավարարող հանգամանք չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում