Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի նախօրեին եղել եմ գործուղման մեջ ՌԴ-ում, ապա մեկնել եմ ՆԱՏՕ անդամ երկիր՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակներով. Դավիթ Տոնոյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից ձևավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ի պատասխան հարցին, թե տեղյակ եղե՞լ է, որ 2020-ին սպասվում են մարտական գործողություններ, ասաց, որ սպառնալիքի մասին տեղյակ եղել է։ «Այո՛, սպառնալից իրավիճակի վերաբերյալ տեղյակ եղել եմ այն տեղեկատվության հիման վրա, որը ստացվել է ամփոփման, իմ փորձի և այն տեղեկատվության հիման վրա, որը ստացվում էր պարբերաբար։ Իրավիճակը գնահատվում էր սպառնալից, բայց  ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել»,- ասաց Տոնոյանը։ 

Թե ի պաշտոնե ի՞նչ գործողություններ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար, Տոնոյանն ասաց, որ իր գործառություը եղել է պաշտպանական քաղաքականության իրականացումը։ 

Պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին գործուղված է եղել ՌԴ՝ զորավարժությունների նպատակով։ 25-26-ը եղել է ԵՄ ՆԱՏՕ անդամ երկրում՝ կրկին գործուղման շրջանակներում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակներով։ Տոնոյանը նշեց, որ այդ մասին մանրամասներ կարող է հայտնել փակ նիստի շրջանակներում։ Մինչև ռազմական գործողությունների մեկնարկը գտնվել է օդանավում՝ գործուղման շրջանակներում մեկնելիս է եղել կենտրոնաասիական երկիր։ «Այնտեղից պետք է վերցվեին այն մարդիկ, ովքեր մասնակցելու էին բանակցություններին։ Ընդ որում՝ ՀԱՊԿ անդամ երկրում պետք է շարունակվեին բանակցությունները սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված հարցերում։ Վայրէջքի պահին՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ղազախստանում անմիջապես տեղեկացվել եմ ԳՇ պետի կողմից պատերազմի մեկնարկի մասին, ունեցել եմ խոսակցություն ՀՀ վարչապետի կողմից, որից հետո ինքնաթիռ եմ հայթայթել անմիջապես ետ վերադառնալու համար։ Վերադարձել եմ Վրաստանով»,- ասաց Տոնոյանը։ 

Նախկին նախարարը նշեց, որ սեպտեմբերի 28-ին ժամը 4-ին եղել է Երևանում, որից հետո վարչապետից թույլտվություն ստանալուց հետո մեկնել է մարտական գործողությունների վայր։

Մանրամասները՝ տեսանյութում