Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրի ԲԿ-ից մեկ վիրավորի պատրաստվում են տեղափոխել «Աստղիկ» ԲԿ, կրծքավանդակի վիրահատության անհրաժեշտություն կա. Շիրակի մարզպետ

Գյումրի ԲԿ-ից մեկ վիրավորի պատրաստվում են տեղափոխել «Աստղիկ» ԲԿ, կրծքավանդակի վիրահատության անհրաժեշտություն կա. Շիրակի մարզպետ
Հասարակություն
11:34, 14 август 2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի, իսկ 5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցած դեպքը գիշերվանից իր ուշադրության կենտրոնում է եղել։

«Դեպքի վայրը մաքրված է։ Առավոտ կանուխ զբաղված եմ այդ հարցերով, քանի որ վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են, դեռևս այց չի թույլատրվում»,- ասաց Շիրակի մարզպետը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ Գյումրի ԲԿ-ից մեկ վիրավորի այս պահին պատրաստվում են տեղափոխել «Աստղիկ» ԲԿ, կրծքավանդակի վիրահատության անհրաժեշտություն կա։ 

Հիշեցնենք նաև, որ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ այս պահին դեռևս հնարավոր չի եղել բուժհաստատություն տեղափոխված անձանց հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առողջական վիճակով պայմանավորված դրա անհնարինության պատճառով։
 Քննչական կոմիտեն առաջիկայում հանդես կգա դեպքի վերաբերյալ թույլատրելիության սահմաններում ավելի համապարփակ տեղեկատվության հրապարակմամբ։

Լիլիթ Թադևոսյան