Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանա լճում երեկ ջրահեղձ եղած քաղաքացին Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր

Սևանա լճում երեկ ջրահեղձ եղած քաղաքացին Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր
Հասարակություն
13:16, 14 август 2023
Հայաստանի ոստիկանությունը հայտնում է, որ Սևանա լճում Ուկրաինայի քաղաքացի է ջրահեղձ եղել: Ըստ ՏԱՍՍ գործակալության, ջրահեղձ է եղել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն:

Կիրակի օրը Սևանա լճում խեղդվել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Հայաստանի իրավապահ կառույցներում անանուն աղբյուրները։

«Սևանում ջրահեղձ եղած քաղաքացին Ալեքսանդր Սենչենկոն է, նա Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն է», - նշել է զրուցակիցը, ասելով, որ միջադեպի պատճառները պարզվում են։

Հայաստանի ոստիկանությունը իր էջում տարածած հաղորդագրությունում անուն չի նշում, տեղեկացնելով, որ օգոստոսի 13-ին, ժամը 20:30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում ջրահեղձ մարդ կա:

«Պարզվել է, որ նա ժամը 20:40-ի սահմաններում Սևանա լճի հանրային լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, լողալիս ջրահեղձ է եղել. լճից դուրս է բերվել նրա դիակը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին», - նշված է հաղորդագրությունում: