Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մալաթիա-Սեբաստիա շրջանում կատարված սպանության վարույթով հետախուզվում է 36-ամյա տղամարդ

Մալաթիա-Սեբաստիա շրջանում կատարված սպանության վարույթով հետախուզվում է 36-ամյա տղամարդ
Հասարակություն / Իրավունք
21:21, 14 август 2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2023թ. օգոստոսի 7-ին Ռ.Մելիքյան փողոցում 39-ամյա Արսեն Հովսեփյանի սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի ու մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը, քննության տվյալներով, հանդիսանում է 36-ամյա տղամարդ:

Որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, և հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տուժողը, որն ավելի ուշ մահացել էր, բժշկական կենտրոն էր տեղափոխվել գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամբ:

Նախաքննությունը շարունակվում է։ Հանցագործության հանգամանքները պարզելու, ինչպես նաև մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհրաժեշտ միջոցներ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են համապատասխան հանձնարարություններ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: