Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զենքի հակառակ կողմը․ կրակված արկերն ու փամփուշտերը զարդերի վերածող գյումրեցի վարպետը շարունակում է խաղաղություն քարոզել․ լուսանկարներ

Զենքի հակառակ կողմը․ կրակված արկերն ու փամփուշտերը զարդերի վերածող գյումրեցի վարպետը շարունակում է խաղաղություն քարոզել․ լուսանկարներ
Մշակույթ
14:46, 26 июль 2021
Զենքի հակառակ կողմը Արտակ Թադևոսյանի աչքերով՝ կանացի զարդերն են։ Զարդագործ-նկարիչը օգտագործված զենքերը վերածում է զարդերի՝ այդպիսով խաղաղության կոչ անելով աշխարհին։

«2015թ.-ին Հայաստանը թվացյալ խաղաղության մեջ էր, բայց աշխարհի տարբեր վայրերում ռազմական գործողություններ էին՝ Լիբիայում, Սիրիայում, Իրանում, Իրաքում, Ուկրաինայում։ Պատերազմի՝ զենքի ագրեսիա էր, և ես որոշեցի զենքի հակառակը կողմը ցույց տալ։  Պարկուճը, որը նախատեսված է սպանելու համար, կըրնա ծառայե բարօրության»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց զարդագործ, նկարիչ Արտակ Թադևոսյանը։

Խնդիրը մարդկանց գիտակցության մեջ է՝ ընտրել խաղաղությա՞ն, թե՞ ագրեսիայի ճանապարհը։ Այսպես է կարծում զարդագործը. «Եթե դու գիտակցես, որ որևէ իր պիտի խաղաղության մեջ օգտագործես, կարևոր չէ իր տեսակն ու առաջնային պիտանելիությունը, որի համար այդ առարկան նախատեսված է եղել»։ 

Սկզբնական շրջանում Արտակ Թադևոսյանը օգտագործված զենքերը ձեռք է բերել իր որսորդ ընկերներից, այնուհետև պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրիում գործող ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ՝ զորավարժությունների ժամանակ փորձարկված զենքերի թափոնները վերցնելու համար։ Ասում է՝ եթե հարկ է լինում, ոստիկանությունից էլ եմ խնդրում։ 

Զենքերը զարդերի վերածելը երբեմն քննադատությունների տեղիք է տալիս. «Ես կգիտակցեմ՝ ինչի մեջ եմ մտել. շատ նուրբ ձևաչափ է ընտրածս՝ զենք, զինամթերք, խաղաղություն։ Երբեմն մարդիկ չեն ընկալե իրավիճակը, կպատկերացնեն, որ մենք նստած լիքը պատրոնները կդադարկենք, որ դրանցով զարդ սարքենք, բայց երբ այդ նույն մարդկանց կփորձես բացատրել, իրենք քեզի հետ համամիտ կեղնին։ Չօգտագործված պատրոնները մեր զինվորներն են օգտագործում, մենք էլ ըդօրից հետո օգտագործում ենք»։

Աշխարհին խաղաղության կոչ անող Արտակ Թադևոսյանը արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զարդագործությամբ չի զբաղվել, փոխարենը նկարել է։ Իսկ հիմա պատրաստվում է ցուցահանդես-վաճառք կազմակերպել և իր նկարներից ստացված հանգանակությունն ուղղել վիրավոր զինվորների ապաքինմանը. «44-օրյա պատերազմից հետո կարող է մարդկանց մոտ գրգռվածությունը շատ լինի, բայց իմ մոտ բան չի փոխվել, ես ավելի շատ եմ փորձելու խաղաղություն քարոզեմ։ Արցախյան այս պատերազմից հետո մարդիկ եղան, որոնք անգամ խնդրեցին՝ իրենց մարմնից հանած բեկորներով գործեր սարքեմ»։ 

Արտակ Թադևոսյանի զարդերը գնել են աշխարհի տարբեր վայրերից, գնորդների թվում են եղել նաև մտավորականներ, հոգևորականներ ու ՀՀ-ում մի շարք դեսպաններ՝ այդպիսով միանալով նրա  խաղաղության կոչին։ 

Նարա Մարտիրոսյան