Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայրենաճանաչության թեմայով «Մունետիկ» ՀԿ-ի կողմից դրամաշնորհային ծրագրի իրականացումից հետո որոշ երիտասարդներ մարզերում արվեստանոցներ են բացել. արվեստաբան․ լուսանկարներ

Հայրենաճանաչության թեմայով «Մունետիկ» ՀԿ-ի կողմից դրամաշնորհային ծրագրի իրականացումից հետո որոշ երիտասարդներ մարզերում արվեստանոցներ են բացել. արվեստաբան․ լուսանկարներ
Մշակույթ
17:24, 08 август 2023
2023 թվականին ԿԳՄՍՆ-ի կողմից հայտարարված դրամաշնորհի շրջանակներում «Մունետիկ» մանկապատանեկան, մշակութային ՀԿ-ն դիմել էր դրամաշնորհի համար և շահել հայրենաճանաչության  թեմայով ծրագիրը։ ՀԿ նախագահ, արվեստաբան Հրաչ Համբարձումյանը Civic.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է իրականացվել այդ ծրագիրը և որնէ  ծրագրի նպատակը։

«Մեր ծրագրրով աշխատանքային գործիքակազմն ընտրված էր կերպարվեստի ճյուղերից մեկը, դա բատիկան էր, գեղանկարչությունը, և ՀԿ-ն նախաձեռնել էր իրականացնել ապակե նկարչություն և խեցեգործություն ծրագիրը։ Մենք մեր ծրագիրն իրականացրինք այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ շրջակա պատմամշակութային վայրերում այցելություններ կատարելով։
Աշխատանքներն ընթանում էին երկու խմբով, ամեն խմբում ընդգրկված էր 9 մասնակից ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև Ջավախքից և Արցախից, ամեն խումբն աշխատում էր տասը օր, նրանք ապրում և աշխատում էին  Իջևան քաղաքում նախապես վարձակալած տանը, խմբի հետ աշխատում էին վարպետության դասի երկու մասնագետներ և մեկ արվեստաբան, մշակութաբան, ունեինք նաև առանձին հրավիրված պատմաբան։ Տարիքային խումբն ընդգրկում էր 18-ից մինչև  35 տարեկան երիտասարդների՝ ըստ մեր նախարարության հայտարարած երիտասարդության տարիքի համապատասխան»,- ասաց Հրաչ Համբարձումյանը։

Այնուհետև նա նշեց, որ ընտրված հայրենաճանաչության թեման իրենց համար էլ բավականին դժվար էր բացատրել ու ներկայացնել, որովհետև սկզբում իրենք հանդիպումներ էին ունենում երիտասարդության հետ, հանրության լայն շերտերի հետ՝ հասկանալու համար, թե հայրենաճանաչության թեման ինչպես է ընկալվում։ 

«Եվ որպեսզի հայրենաճանաչությունը մասնակցի մոտ նստվածք ունենա, մեր ընտրած ճյուղերի՝ բատիկայի, խեցեգործության, ապակենկարչության, կերպարվեստի միջոցով մենք փորձում էինք նյութի վերածել՝ այդ ամբողջ ընթացքում ինչ գիտելիք տվել էինք։ Այս սկզբունքներով ստեղծվում էին աշխատանքները։ Իսկ ծրագրի ավարտին ստեղծված աշխատանքներով Իջևանում ունեցանք ցուցահանդես։ Իջևանյան աշխատանքների երկրորդ ցուցահանդեսը կազմակերպեցինք Երևանում՝ «Նարեկացի» արվեստի միությունում»,- նշեց Հրաչ Համբարձումյանը։ 

Այնուհետև մեր զրուցակիցը պատմեց իրենց ծրագրին մասնակցած երկու մասնակցի մասին, որոնք 10-օրյա աշխատանքներին մասնակցելուց հետո իրենց բնակավայրերում մտադիր են արվեստանոց բացել։ Մեկը Իջևանից Էրիկ Ամյանն է, որը ձեռքերի ուժեղ դողի պատճառով ազատվել է բանակից, սակայն, ըստ Հրաչ Համբարձումյանի,  ունի ուժեղ նկարչական ջիղ և հրաշալի սյուրռեալիզմ ոճի նկարներ ու գրաֆիկա է անում և իրենց ծրագրի իրականացման ընթացքում շատ է օգնել։ Վերջինս իր հոր արդեն փակված ոսկերչական աշխատասրահը կարգի է բերում և նախատեսում է այն արվեստանոց դարձնել, որը կդառնա նաև քաղաքի երիտասարդների համար քննարկման, շփման միջավայր։ Ըստ արվեստաբանի՝ ինչ միջավայր էլ ստեղծես, այդպիսի երիտասարդություն էլ կունենաս։

Իսկ մյուս մասնակիցը Գեղարքունքի մարզի Լճաշեն գյուղի բնակչուհի Էլիզա Կարապետյանն է, որն իր ծնողներին պատկանող չօգտագործվող մի կառույց որոշել է վերածել արվեստանոցի, որտեղ այցելելով՝ գյուղի երիտասարդները կսովորեն նկարչություն, խեցեգործություն։   

Ի դեպ, Հրաչ Համբարձումյանը տեղեկացրեց, որ նախատեսում են իրենց միջոցներով իրականացնել մի քանի նմանատիպ փոքրիկ միջոցառումներ և այդ շարքում կփորձեն այդպիսի մի մի միջոցառում իրականացնել հենց Լճաշենի արվեստանոցում։
Ի հավելումն Հրաչ Համբարձումյանը տեղեկացրեց, որ Մեծամորում օգոստոսի 12-ին կլինի երիտասարդական մայրաքաղաքին նվիրված միջոցառումների բացումը, որին «Մունետիկ» ՀԿ-ն ևս հրավիրված է որպես մասնակից, և այնտեղ կներկայացնեն իրենց գեղանկարչական աշխատանքները՝ հետագայում տարբեր միջոցառումների ներկայացնելու համար, ինչպես նաև վարպետության դաս՝ բատիկայի հետ կապված։

«Հուսով ենք, որ այն երիտասարդները, որոնք չունեն աշխատանք, ապագայում դա իրենց կօգնի, բատիկայի հմտություններն օգտագործելով, կարողանալ փոքրիկ բիզնեսի հիմք դնել՝ իրենք իրենց համար։ Ի դեպ, Լճաշենի մեր մասնակցին ես խնդրել եմ, որ ինձ հետ հենց ինքն էլ անցկացնի բատիկայի վարպետության դասը»,- եզրափակեց Հրաչ Համբարձումյանը։ 

Լիլիթ Թադևոսյան