Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարաքար-Էջմիածին մայրուղում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը՝ Փարաքար-Էջմիածին մայրուղում․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Մրցաշարին մասնակցում են ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք հայտագրվել են մինչև սեպտեմբերի 20-ը:

Մրցաշարն անցկացվելու է 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝

1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ.
2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.).
3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1982 թ. ծնված և բարձր).
աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման խմբով:
Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են մասնակցել այն մարզիկները, որոնք զբաղվում են աթլետիկա մարզաձևով և վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են աթլետիկայի Հայաստանի առաջնությունների և միջազգային մրցաշարերի:

Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները կվազեն 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: