Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի օգոստոսի 23-ին

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի օգոստոսի 23-ին
Հասարակություն
12:26, 18 июль 2022
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 23-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: Մրցաշարի անցկացման օրը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով:

Հիշեցնենք՝ ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել նաև մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում:

Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:

Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ.

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ.

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ.

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ.

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ.

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը) պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև 2022 թ. հուլիսի 22-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացու փողոց, 1/1 շենք, էլհասցե` [email protected]

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով` 1-ին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ: Քաղաքացիություն չունեցող անձինք մրցումներին կարող են մասնակցել հաշվարկից դուրս:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերի:

Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: