Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեպտեմբերի 19-ին սիրողական հեծանվավազքի մրցարշավ՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում. ԿԳՄՍ նախարար․ Տեսանյութ

«Գեղարքունիքի մարզի Շորժա-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում 2021թ. սեպտեմբերի 19-ին նախատեսվում է անցկացնել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է առողջ ապրելակերպի մասսայականացումը»,- այսօր՝ օգոստոսի 27-ին, Կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ մրցաշարը նախատեսվում է կազմակերպել երկու տարիքային խմբերով՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար. «Ըստ նախագծի՝ մրցաշարի կազմակերպման հետ կապված ծախսերը կազմում են մոտ 10.8 մլն դրամ, որի մեջ մտնում են մասնակիցների սննդով ապահովման, ճանապարհածախսի, ռադիոհանգույցի վարձակալման, մարզահագուստի, գավաթների, մեդալների, հավաստագրերի և այլ կազմակերպչական ծախսեր: Այդ ծախսերը նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍՆ ընդհանուր հատկացումների հաշվին, վերաբաշխում կատարելու արդյունքում, իսկ երկու տարիքային խմբերի 1-20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին տրամադրվող դրամական մրցանակները, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 14.9 մլն դրամ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Միջոցառման ընդհանուր ծախսերը կկազմեն մոտ 25.7 մլն դրամ»:

Ինչպես հավելեց վարչապետ Փաշինյանը, այս մրցաշարը եղել է իրենց նախընտրական խոստումներից, և այն լինելու է ամենամյա: