Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության որոշմամբ, զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված ընտանիքների 3200 երեխաներ իրենց հանգիստը կանցկացնեն ճամբարներում

Կառավարության որոշմամբ, զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների,  ծնողազուրկ և սակավ ապահովված  ընտանիքների  3200 երեխաներ իրենց հանգիստը կանցկացնեն ճամբարներում
Քաղաքականություն
12:43, 08 июль 2021
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշումը։

Նախագիծը ներկայացնող ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ երեխաների ամառային հանգիստը առանցքային նշանակություն ունի նրանց բնականոն զարգացման և սոցիալականացման համար, և այս տարի, հաշվի առնելով  նաև հետպատերազմյան և քովիդյան ժամանակաշրջանը, երեխաների ամառային հանգստի կազմակերպումն ունի նաև սոցիալ- վերականգնողական նշանակություն, հատկապես պատերազմի  և քովիդի բացասական ազդեցությանը առավել մեծ չափով իրենց վրա կրած սոցիալական  խմբերի երեխաների համար։

«Այս նպատակով ներկայացված նախագծով նախատեսվում են մի շարք սոցիալական խմբերի երեխաներին ողջ հանրապետությունում հնարավորություն տալ ամառային  հանգիստն անցկացնել մանկական առողջարանային ճամբարներում։ Խոսքը զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ինչպես նաև ծնողազուրկ և սակավ ապահովված  բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 3200 երեխաների մասին է, որոնք հնարավորություն կստանան երկու հերթափոխով, ամեն հերթափոխը 20 օր տևողությամբ, ամեն հերթափոխում 1600 մասնակցով, իրենց ամառային հանգիստն անցկացնել «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լավաաղբյուր», «Լուսաբաց, «Գուգարք»,» ճամբարներում և Հանքավանի «Խորոտ ջուր» առողջարանում»,- ասաց Վահրամ Դումանյանը։

Վերջինս նշեց, որ ճամբարների կազմակերպման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 335 միլիոն դրամ, որից 321,6 միլիոն դրամը կտրամադրվի կազմակերպություններին՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար, սնունդ, կեցություն, մանկավարժական կազմի վարձատրություն և  այլն, իսկ 13,4 միլիոն դրամը ՀՀ ՏԿԵ նախարարությանը՝ երեխաների՝ մարզերից ճամբար տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու  համար։