Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կարող են օգտվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարկետման իրավունքից՝ ՀՀ դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կարող են օգտվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարկետման իրավունքից՝ ՀՀ դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար
Սպորտ
14:56, 24 август 2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտ (բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կամ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) կամ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) կամ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով) մարզաձևից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկները, ովքեր ՀՀ նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ դրոշի ներքո մարզական միջոցառումներին մասնակցելու համար, օգտվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից: Պրոֆեսիոնալ բռնցքամարտ մարզաձևում աշխարհի չեմպիոնի կոչումը որոշելու համար անցկացվում են չեմպիոնական մենամարտեր, չի անցկացվում աշխարհի առաջնություն: Պրոֆեսիոնալ բռնցքամարտ կամ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կամ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության կամ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի մարզաձևից աշխարհի չեմպիոնի որոշման չեմպիոնական մենամարտի հաղթողի կոչումը համահավասարեցվում է աշխարհի չեմպիոնի կոչմանը:

Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում առավել կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու դեպքերը:

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ «Աստղիկ» ԲԿ-ն միջազգային բարձր հեղինակություն ունեցող JCI ակրեդիտացիոն համակարգի կողմիցսերտիֆիկացվել է: «Սա շատ կարևոր է նաև այն առումով, որ  տարածաշրջանում կունենանք նման ակրեդիտացիոն բժշկական կենտրոն: Սա ազդելու է ոչ միայն կոնկրետ բժշկական կենտրոնի որակի չափանիշների բարելավմանը, այլև բարեկարգային ազդեցություն կունենա: Հուսով եմ, որ առաջիկայում մեր մյուս բժշկական կենտրոնները նույնպես նմանատիպ գործընթացներով կանցնեն»,-ասել է նախարարը: