Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արման Ավանեսյանը` մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Արման Ավանեսյանը` մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
19:32, 20 апрель 2023
Հայաստանը ներկայացնող արցախցի Արման Ավանեսյանը մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

«Արման Ավանեսյանը եզրափակիչում պետք է մրցեր Ռաման Դամյուի հետ (Բելառուս), սակայն վերջինս վնասվածքի պատճառով չներկայացավ մրցագորգ, և արցախցի դյուցազունը հռչակվեց Հին աշխարհամասի չեմպիոն»,– ասված է հաղորդագրությունում:
54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային և բավարարվեց արծաթե մեդալով:

58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Հայ սամբիստները սամբոյի Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների էին արժանացել նաև Նարեկ Դալլաքյանը, Բորիս Շատվերյանը, 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը, իսկ 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Իսրայելի Հայֆա քաղաքում և կտևի մինչև ապրիլի 23-ը: